Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ-ի նախագահին՝ վերընտրվելու կապակցությամբ


«Մենք շնորհակալ ենք այն աջակցության համար, որը Միացյալ Նահանգները շարունակաբար ցուցաբերում է Հայաստանին»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ծառայության փոխանցմամբ, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ձեր տպավորիչ հաղթանակն ապացուցեց, որ այն ուղին, որը Դուք որդեգրել եք Միացյալ Նահանգներն առաջ տանելու համար, ինչպես նաև Ձեր վարած արտաքին և ներքին քաղաքականությունը, համահունչ են ամերիկյան ժողովրդի մեծամասնության սպասելիքներին:

Մենք շնորհակալ ենք այն աջակցության համար, որը Միացյալ Նահանգները շարունակաբար ցուցաբերում է Հայաստանին: Ինձ մեծապես գոհացնում է այն փաստը, որ Ձեր վերընտրվելը թույլ կտա շարունակելու ակտիվորեն զարգացնել և խորացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, որոնք մեր երկկողմ պատմության ողջ ընթացքում այս պահին գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Համոզված եմ, որ մեր բազմաբնույթ համագործակցությունը նոր հաջողություններ կարձանագրի առաջիկա չորս տարիների ընթացքում` ի շահ մեր ժողովուրդների:

Մեկ անգամ ևս ընդունեք խնդրեմ, պարոն նախագահ, իմ ջերմ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները»:
XS
SM
MD
LG