Նիգերից ստացված հաղորդագրությունների համաձայն, ալ Քաիդայի կողմից անցյալ ամսվա ընթացքում առեւանգված հինգ ամերիկացիներն ազատ են արձակվել։ Օգնություն առաքող կազմակերպություններում աշխատող ամերիկացիների ազատ արձակումն իրականացվել է շաբաթ օրը Մալիի հետ Նիգերի սահմանին։ Վեցերորդ աշխատակցին կրակել էին առեւանգման պահին, որն ավելի ուշ մահացել էր ստացած վերքերի պատճառով։
Նիգերի պաշտոնատար անձինք կարծում են, որ առեւանգիչները Մալիում գործող մահմեդական ծայրահեղականներն են, որոնք զբաղված են հիմնականում առեւնագումներ կազմակերպելով ու իրականացնելով։
Աֆրիկյան այս երկրում մարտ ամսին սկսվեց քաոս, երբ ռազմական մի հեղաշրջման արդյունքում տապալվեց Ամադոու Թոուրի կառավարությունը, որից հետո հաստատցվեց ժամանակավոր կառավարություն։
Իսկ զինյալ այն խմբերը, որոնք, առիթից օգտվելով, իրենց վերահսկողությունը հաստատեցին երկրի հյուսիսային շրջաններում, փորձում են այստեղ հաստատել իսլամի խստագույն օրենքներ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հոկտեմբեր ամսին ընդունեց Արեւմտյան Աֆրիկայի դաշինքի երկրներից այստեղ զորքեր ուղարկելու մասին որոշում։ Շուտով այս հատվածներում կտեղակայվեն 3ՕՕՕ թվակազմով միջազգային ուժեր։