Մատչելի հղումներ

Բախումներ Կոսովոյում՝ Սերբիայի պատճառով


Կոսովոյի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայրաքաղաք Պրիստինայում՝ ցրելու համար Սերբիայի հետ Եվրոպական Միության միջնորդությամբ անցկացված բանակցությունների դեմ դուրս ելած ցուցարարներին։ Տեղից ստացված հաղորդագրությունների համաձայն, կառավարության շենքի մոտ ընդհարման արդյունքում վնասվածքներ են ստացել 18 ոստիկան եւ մի քանի ցուցարարներ։ Ոստիկանությունը որոշ ժամանակով ձերբակալել է ցուցարարներին միացած Ինքնորոշում կուսակցությունը ներկայացնող մի քանի օրենսդիրների։
Ազգայնական ցուցարարները դատապարտում են վարչապետ Հաշիմ Թաչիին՝ Սերբիայի վարչապետ Իվիչա Դաչիչի հետ Բրյուսելում ուրբաթ օրն անցկացված հանդիպման համար։ Հանդիպումն անց էր կացվել Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր պատասխանատու Քեթրի Էշթընի միջնորդությամբ։

Սա Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ ամենաբարձրաստիճան հանդիպումն էր 2ՕՕ8 թվականին Սերբիայից Կոսովոյի անջատման օրից ի վեր։
Ինքնորոշում կուսակցության անդամներն ասում են, թե Սերբիայի հետ բանակցությունների անցկացումը Թաչիի համար ամոթալի քայլ ու քրեական հանցագործություն է, քանի որ, ասում են նրանք, Սերբիան մինչ այժմ նույնիսկ ներողություն չի խնդրել 199Օականներին Կոսովոյի ալբանացիների դեմ երկու տարի մղած պատերազմի համար։ Հիշեցնենք, որ Կոսովոյում ազգային մաքրազտման նպատակով սկսված պատերազմն ավարտվեց ՆԱՏՕ-ի կողմից Սերբիայի դեմ իրականացված ռմբակոծության արդյունքում։

Թաչի-Դաչիչ հանդիպման նպատակը Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ առկա լարվածությունը մեղմելու եւ Եվրոպական Միությանն անդամակցելու հարցում որոշ ուղի բացելու նպատակ ուներ։
Կոսովոյի անկախությունը ճանաչել է աշխարհի միայն 9Օ պետություն, որոնցից 22-ը՝ Եվրամիության անդամներ։ Սակայն Միության 5 անդամներ հրաժարվում են ճանաչել Կոսովոն որպես անկախ պետություն։
XS
SM
MD
LG