Print
Վատիկանի դատարանը Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապի նախկին սպասավորին մեղավոր է ճանաչել հոգեւոր հովվի անձնական գրությունները հափշտակելու եւ դրանք լրագրողներին հանձնելու մեջ։ Դատավորը շաբաթ օրն ընթերցեց երեք ատենակալների մասնակցությամբ ընդունված որոշումը, ըստ որի սպասավորը՝ Պաոլո Գաբրիելեն դատապարտվում է 18 ամսվա ազատազրկման։ Դատավորը նախապես ներկայացրել էր 3 տարվա ազատազրկման պատիժ, սակայն կրճատել էր 18 ամսվա՝ հաշվի առնելով նախկինում դատված չլինելու հանգամանքը։ Գաբրիելեն խոստովանել է, որ Հռոմի Պապից գողացել է նրա անձնական գրություններն ու հանձնել մի լրագրողի, որն էլ դրանց հիման վրա գրել է եկեղեցում առկա կոռուպցիայի մասին մի գիրք։ Վատիկանում շատերն են հավատացած, որ Բենեդիկտոս 16-րդը ներում կշնորհի Գաբրիելեին։ Վերջինիս հետ մեղադրվող համակարգչային մասնագետի դատավարությունն անց է կացվելու առանձին։