Մատչելի հղումներ

Սիրիայի փոխնախագահը փախուստի չի դիմել


Սիրիայի հեռուստատեսությունը հաղորդում է, թե երկրի փոխնախագահ Ֆարուք ալ-Շարան փախուստի չի դիմել, ինչպես նախապես հաղորդել էին ապստամբ ուժերը։
Ըստ նույն հաղորդագրության, 72-ամյա սուննի մահմեդական փոխնախագահը ՝՝երբեք չի մտածել երկրից հեռանալու մասին՛՛։

Նույն կայանը տեղեկացնում է, որ ալ-Շարան ուրբաթ օրն ընդունել է Սիրիայում ՄԱԿ-ի կողմից նշանակված դեսպանորդ, ալժիրցի դիվանագետ Լախդար Բրահիմիին, որն այս պաշտոնում փոխարինում է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանին։ Վերջինս այս պաշտոնին հրաժեշտ է տալու այս ամսվա վերջին։


ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ուրբաթ օրը հրապարակված հայտարարությամբ իր աջակցությունն է հայտնում Բրահիմիին, հուսալով, որ նա ամեն ինչ կանի Սիրիայում հարատեւ խաղաղություն հաստատելու համար։

Ողջույնի խոսքով է հանդես եկել նաեւ Չինաստանը եւ խոստացել Սիրիայի շուրջ բանակցություններում դրական աջակցություն եւ համագործակցություն։

Այլ հաղորդագրությունների համաձայն, հազարավոր սիրիացիներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքերու Հալեպ քաղաքում ու մայրաքաղաք Դամասկոսի շուրջ կառավարական ուժերի կողմից իրականացվող հարձակումների դեմ։
Ազազ քաղաքում ռազմաօդանավի կողմից իրականացված գրոհի դեմ բողոքելու համար ցույցեր են անցկացվել Մարեա քաղաքում։

ՄԱԿ-ի հաշվարկներով, 18 ամիս շարունակվող ապստամբության արդյունքում Սիրիայում այսօր մոտ 2.5 միլիոն մարդ ունի արտաքին օգնության կարիք։

XS
SM
MD
LG