Մատչելի հղումներ

Սիրիայում ապստամբ ուժերը գրավել են սահմանային անցման եւս մեկ կետ


Սիրիայի կառավարական ուժերը ռմբակոծության են ենթարկում մայրաքաղաք Դամասկոսի որոշ հատվածներ, ինչպես նաեւ՝ Հոմս եւ Դեիր Իզոր քաղաքները։

Կառավարական եւ ապստամբ ուժերի միջեւ բախումներ են գրանցվել նաեւ Հալեպ քաղաքի մոտակայքում։

Ապստամբ ուժերը տեղեկացնում են, որ կիրակի օրը գրավել են Հալեպից հյուսիս գտնվող սահմանային անցման կետը։ Դրանից մի քանի օր առաջ նրանք իրենց վերահսկողությունն էին հաստատել դեպի Թուրքիա տանող մեկ այլ անցակետ։

Թուրքիայում պաշտոնապես գրանցվել է Սիրիայից 43 հազար փախստական, սակայն մեծ թվով փախստականներ էլ անցել են սահմանը առանց որեւէ տեղ գրանցվելու։

ՄԱԿ-ի հաշվարկներով, հինգշաբթի օրվանից ի վեր միայն Լիբանան է մուտք գործել սիրիացի 3Օ հազար փախստական։ Օդային ուղիներով Իրաք է ժամանել 1ՕՕՕ սիրիացի, մի քանի հազար մարդ էլ սահմանը հատել է ցամաքային ուղով։

Ռուսաստանի ու Չինաստանի կողմից վետոյի ենթարկվելու արդյունքում Սիրիայի դեմ Արեւմուտքի եւ արաբական երկրների աջակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներն անցնող շաբաթ եւս մեկ անգամ չկարողացան մտնել ուժի մեջ։

Սիրիայի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է նախագահ Բաշար ալ Ասադի եւ բանակի նոր հրամանատարի միջեւ հանդիպման մասին պատկերներ։ Սակայն նախկին հրամանատարի սպանությունից հետո Ասադն այլեւս հաճախ չի երեւում հեռուստատեսությամբ։ Անհայտ է մնում նաեւ նրա գտնվելու վայրը, ինչը խոսում է այն մասին, որ իր իշխանության ներքին օղակի 4 անդամների սպանությունից հետո նրա դիրքերը նկատելիրոեն թուլացել են։

XS
SM
MD
LG