Ղազախստանում մեկնարկել են բանակցությունները աշխարհի վեց տերությունների և Իրանի միջև
Հանդիպման ընթացքում աշխարհի վեց տերությունները կառաջարկեն Իրանին դադարեցնել ուրանի հարստացման որոշ աշխատանքներ՝ փոխարենը մեղմացնելով այս երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները
Արմեն Հովհաննիսյան
26.02.2013
Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկել են բանակցությունները աշխարհի վեց տերությունների և Իրանի միջև, որոնք նվիրված են Իրանի վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ առկա մտահոգությունների քննարկման:
Հանդիպման ընթացքում, որը մեկնարկել է երեքշաբթի օրը և որին մասնակցում են այսպես կոչված «P+1» խմբի երկրները՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը և Գերմանիան, չի սպասվում որևէ զգալի առաջընթաց:
Աշխարհի վեց տերությունները, ըստ հաղորդագրությունների, հանդիպման ընթացքում կառաջարկեն Իրանին դադարեցնել ուրանի հարստացման որոշ աշխատանքներ՝ փոխարենը մեղմացնելով այս երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:
Իրանը սակայն պնդում է, որ երկրում իրականացվող միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի:
ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին, նախօրեին հանդես գալով Լոնդոնում, ասել է, որ «միջուկային զենք ունեցող Իրանը, այդ տարածաշրջանում, և հաշվի առնելով արդեն տեղի ունեցած բոլոր իրադարձությունները, պարզապես անընդունելի է»:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերջերս հայտնել է, որ Իրանը Նաթանզի ուրանի հարստացման գործարանում սկսել է տեղադրել ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգներ: Միացյալ Նահանգները որպես «սադրիչ» է գնահատել Իրանի այս քայլը: