Մատչելի հղումներ

«Աղետալի» պայմանների պատճառով Ավստրալիայում չեն դադարում անտառային հրդեհները


Օդի ջերմաստիճանը հասել է 45 աստիճանի և միաժամանակ չեն դադարում ժամում ավելի քան 100 կիլոմետր արագությամբ քամիները

Ավստրալիայի հարավում շարունակվում են անտառային հրդեհները, որոնք որոշ տարածքներում սաստկանում են եղանակային «աղետալի» պայմանների պատճառով:

Երկրի իշխանությունները երեքշաբթի օրը հայտնել են, որ Նոր Հարավային Ուելս նահանգում շարունակվում է ավելի քան 130 անտառային հրդեհ, որոնց հիմնական մասը չի վերահսկվում: Նահանգում օդի ջերմաստիճանը հասել է 45 աստիճանի և միաժամանակ չեն դադարում ժամում ավելի քան 100 կիլոմետր արագությամբ քամիները:

Հարավային Թասմանիա կղզում փրկարար ծառայությունների պաշտոնյաները շարունակում են կղզու գյուղերից մեկում տեղի ունեցած հրդեհից հետո անհայտ կորած մոտ 100 բնակչի որոնման աշխատանքները:

Ավստրալիայի իշխանությունները մարդկանց մահվան մասին որևէ հաղորդագրություն դեռևս չեն տարածել, սակայն զգուշացրել են, որ պայմանները «աղետալի» բնույթ են ընդունել, ինչը նշանակում է, որ հրդեհները չեն վերահսկվում և արագ են տարածվում, և մարդկանց անվտանգությունն ապահովելու միակ միջոցն էվակուացումն է դառնում:

Անտառային հրդեհները սովորական երևույթ են Ավստրալիայում ամառային ժամանակաշրջանում: 2009 թվականի փետրվարին Վիկտորիա նահանգում տեղի ունեցած հրդեհների պատճառով զոհվել է 173 մարդ, հրդեհներով հասցված վնասը կազմել է 4,4 միլիարդ դոլար:
XS
SM
MD
LG