Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սպիտակ տունը զգուշացրել է Պուտինին Ուկրաինայի արևելք «բաց կամ քողարկված» ներխուժման անթույլատրելիության մասին


Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հերքել է Ուկրաինայում իրավիճակն ապակայունացնելու մեջ Արևմուտքի կողմից Ռուսաստանին ներկայացվող մեղադրանքները

ԱՄՆ-ի Սպիտակ տունը զգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի արևելյան շրջաններ «բաց կամ քողարկված» ներխուժման անթույլատրելիության մասին:

ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին ճեպազրույցի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ «եթե Ռուսաստանը բաց կամ քողարկված եղանակով առաջխաղացում իրականացնի Ուկրաինայի արևելյան շրջաններում, ապա դա կբերի հակամարտության կտրուկ սրման»:

«Հորդորում ենք նախագահ Պուտինին և նրա կառավարությանը դադարեցնել Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման փորձերը և չշարունակել ռազմական ներխուժումը», - ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարնին՝ միաժամանակ նշելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ընդունել լրացուցիչ պատժամիջոցներ:

«Մեզ չափազանց անհանգստացնում են տեղի ունեցող իրադարձությունները, և մենք հստակ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը՝ Ռուսաստանը չպետք է ձեռնարկի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը կամ ինքնիշխանությունը խախտել շարունակող հետագա գործողություններ, քանի որ դրանք կառաջացնեն հետևանքներ», - ասել է Քարնին:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին այս ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցում ասել է, որ «Վաշինգտոնը մեծ անհանգստությամբ է հետևում Ուկրաինայի արևելքում իրադարձությունների զարգացմանը»:

Արտգործնախարար Քերրին զգուշացրել է, որ Ուկրաինայում իրավիճակի հետագա ապակայունացմանն ուղղված բոլոր քայլերը կառաջացնեն ավելի խիստ պատժամիջոցներ:

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը բրիտանական «Գարդիան» պարբերականի կայքում հրապարակված հոդվածում իր հերթին հերքել է Ուկրաինայում իրավիճակն ապակայունացնելու մեջ Արևմուտքի կողմից Ռուսաստանին ներկայացվող մեղադրանքները՝ մեղադրելով Արևմուտքը «լարվածության անհիմն ավելացման մեջ»:

Ռուսատանի արտգործնախարարը միաժամանակ զգուշացրել է Ուկրաինայի իշխանություններին ռուսաստանամետ ցույցերի մասնակիցների նկատմամբ ուժի ցանկացած գործադրման անթույլատրելիության մասին:
XS
SM
MD
LG