Թուրքիա կուղարկվեն ԱՄՆ-ի զինծառայողներ և հրթիռներ
ԱՄՆ-ի պաշտպանության նախարաը հրամանագիր է ստորագրել հակահրթիռային մարտկոցներ ու 400 զինծառայող Թուրքիայի ուղարկելու մասին
«Փեթրիոթ» հակահրթիռային համակարգ (արխիվային լուսանկար)x
«Փեթրիոթ» հակահրթիռային համակարգ (արխիվային լուսանկար)
Արմեն Հովհաննիսյան
14.12.2012
Միացյալ Նահանգները «Փեթրիոթ» զենիթային հրթիռների երկու մարտկոց կուղարկի Թուրքիա՝ այս երկիրը Սիրիայի կողմից հրթիռային հնարավոր հարվածից պաշտպանելու նպատակով:
Ըստ հաղորդագրությունների, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան ուրբաթ օրը հրամանագիր է ստորագրել հակահրթիռային մարտկոցներ ու 400 զինծառայող Թուրքիայի ուղարկելու մասին: Հակահրթիռային մարտկոցները Թուրքիա կուղարկվեն Գերմանիայից և Նիդեռլանդներից:
Սպասվում է, որ զենիթային մարտկոցները, որոնք կշահագործվեն ՆԱՏՕ-ի վերահսկողության ներքո, պատրաստ կլինեն օգտագործման համար հունվար ամսվա վերջին:
ՆԱՏՕ-ն Թուրքիայում հակահրթիռային համակարգերի տեղադրումը հավանության է արժանացրել այս ամսվա սկզբին այն բանից հետո, երբ Անկարան մտահոգություն է արտահայտել Սիրիայի հետ սահմանամերձ տարածքներում ռմբակոծությունների և այդ երկրի կառավարական ուժերի կողմից ապստամբների դեմ քիմիական զենքի հնարավոր կիրառման կապակցությամբ:
Թուրքիայի իշխանությունները հրթիռներ տեղակայելու պահանջով էին դիմել ՆԱՏՕ-ին դեռևս այս տարվա հոկտեմբեր ամսին, երբ Սիրիայից արձակված մի քանի հրթիռ ընկել էր այդ Թուրքիայի տարածք:
Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանամերձ շրջաններում «Փեթրիոթ» հրթիռային համակարգերի տեղադրման կապակցությամբ Ռուսաստանի իշխանությունները նշել էին, թե ՆԱՏՕ-ն չափազանցնում է Սիրիայի կողմից ներկայացվող վտանգը, և հոկտեմբեր ամսին տեղի ունեցած միջադեպը պատահականություն էր: