Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատում արգելափակվել է միլիոնատերերի հարկման օրինագիծը


ԱՄՆ-ի Սենատի հանրապետականները արգելափակել են միլիոնատերերի նկատմամբ հարկման նվազագույն դրույքաչափ սահմանող օրինագիծ:

Սենատի դեմոկրատները երկուշաբթի օրն անցկացված քվեարկության ընթացքում չկարողացան հավաքել «Բաֆեթի կանոն» անվանվող օրինագիծն առաջ քաշելու համար անհրաժեշտ 60 ձայնը:

Օրինագծով նախատեսվում է տարեկան մեկ միլիոն դոլարը գերազանցող գումար վաստակող անձանց նկատմամբ սահմանել 30 տոկոս դրույքաչափով հարկ: Հարուստ ամերիկացիներից շատերը քիչ հարկ են վճարում այն պատճառով, որ ներդրումների միջոցով վաստակած գումարները հարկվում են բավականին ցածր տոկոսադրույքով:

Քվեարկությունից հետո հրապարակված իր ուղերձում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, թե հանրապետականները «գերադասել են միջին դասի հաշվին պահպանել ամենահարուստ մի քանի ամերիկացու հարկային արտոնությունները»:

Նախագահ Օբաման ասել է նաև, որ հարուստների նկատմամբ հարկային ավելի բարձր դրույքաչափի սահմանումն «առողջ դատողության արդյունք է»՝ հավելելով, որ բյուջեի զգալի պակասորդի պայմաններում Միացյալ Նահանգներն այլևս չի կարող շարունակել հարկային արտոնությունների տրամադրումը հարուստ ամերիկացիներին:

Հանրապետականները սակայն պնդում են, որ նախագահ Օբամայի կողմից հարուստների նկատմամբ կիրառվող հարկման դրույքաչափը բարձրացնելու շուրջ ծրագիրը չի նպաստի երկրի տնտեսական, ներառյալ աշխատատեղերի ստեղծման, խնդիրների լուծման:

Սպասվում է, որ հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն այս շաբաթվա վերջին կընդունի փոքր բիզնեսի հարկումը նվազեցնելու մասին օրինագիծ: Սակայն քիչ է հավանական, որ այն կընդունվի ԱՄՆ-ի Սենատի կողմից:

XS
SM
MD
LG