Մատչելի հղումներ

«Վերջին շաբաթներին ԱՄՆ-ի տնտեսությունը կայուն աճ է գրանցել»


ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի համաձայն, երկրի տնտեսությունը կայուն աճ է գրանցել ձմեռվա վերջին՝ նշելով սակայն, որ վառելիքի արագ աճող գները գալիք մի քանի ամսվա ընթացքում կարող են բացասական ազդեցություն ունենալ ձեռնարկությունների աշխատանքին և նվազեցնել բնակչության կողմից կատարվող գնումների ծավալները:

Պարբերաբար հրապարակվող՝ «Բեժ գիրք» անվանվող տնտեսական հաշվետվությունում ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը չորեքշաբթի օրը հայտնել է, թե այս տարվա փետրվարի կեսից մինչև մարտի վերջ Միացյալ Նահանգների տնտեսությունը գրանցել է «համեստից մինչև չափավոր» աճ:

Հաշվետվությունում նշվել է, որ գրեթե ամբողջ երկրում գրանցվել է արտադրական ոլորտի աճ, և որ գործարանների ղեկավարները լավատեսորեն են տրամադրված գալիք մի քանի շաբաթվա ընթացքում աճի շարունակության վերաբերյալ:

Կենտրոնական բանկը նշել է նաև, թե որոշ համայնքներում զգալիորեն աճել է պահանջարկը մասնագիտական ծառայությունների նկատմամբ: Բացի դրանից, ըստ հաշվետվության, «վստահություն է ներշնչում» տնային տնտեսությունների ծախսեր կատարելու հեռանկարը, որոնց կողմից կատարվող ծախսերը կազմում են ԱՄՆ-ի տնտեսության ծավալի 70 տոկոսը:

Հաշվետվության համաձայն, ձմեռվա վերջին շաբաթներին աճ է գրանցվել նաև նոր ավտոմեքենաների վաճառքի շուկայում, ինչպես նաև դեռևս թույլ ցուցանիշներ գրանցող անշարժ գույքի շուկայում:

ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը սակայն հայտնել է, որ երկրում գործող բազմաթիվ ձեռնարկությունների մտահոգությունն են առաջացնում նավթամթերքի արագ աճող գները և այն հարցը, թե արդյոք դրանցով պայմանավորված այլ ապրանքների գների աճը կարող է բացասական անդրադառնալ այս ձեռնարկությունների զարգացման, ինչպես նաև հաճախորդների կողմից կատարվող հայեցողական ծախսերին:

Չնայած Միացյալ Նահանգներում բենզինի գները դեռևս ավելի ցածր են, քան աշխարհի բազմաթիվ այլ պետություններում, այնուամենայնիվ դրանք վերջերս գերազանցել են մեկ լիտրի դիմաց մեկ դոլար արժեքը, ինչն անսովոր բարձր է ԱՄՆ-ում տարվա այս ժամանակի համար:

XS
SM
MD
LG