ԱՄՆ-ը մինչև 2020 թվականը կարող է դառնալ նավթի և գազի ամենախոշոր արդյունահանողը
Ըստ վերլուծաբանների, էներգետիկ շուկայում կարող են տեղի ունենալ մեծածավալ փոփոխություններ՝ կապված Միացյալ Նահանգներում նոր տեխնոլոգիաների ներդրման հետ
Արմեն Հովհաննիսյան
13.11.2012
Մինչև 2020 թվականը Միացյալ Նահանգները կդառնա աշխարհում նավթի և գազի արդյունահանման առաջատարը: Նման կանխատեսում է արել Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ):
ԷՄԳ-ի հաշվարկների համաձայն, մինչև 2015 թվականը Միացյալ Նահանգներն առաջն կանցնի Ռուսաստանից, իսկ մինչև 2017 թվականը՝ Սաուդյան Արաբիայից՝ բնական գազի արդյունահանման ծավալների ցուցանիշներով: Գործակալության կանխատեսումների համաձայն, ԱՄՆ-ում արդյունահանվող նավթի ծավալը կավելանա՝ 2015 թվականին օրական արդյունահանվող 10 միլիոն տակառ նավթ ցուցանիշը մինչև 2020 թվականն հասցնելով մինչև օրական 11 միլիոն տակառ նավթ: Սաուդյան Արաբիայում կստեղծվի հակառակ պատկեր և այս ցուցանիշը կնվազի՝ 2015 թվականի օրական 10,9 միլիոն տակառ նավթից 2020 թվականին նվազելով մինչև օրական 10,6 միլիոն տակառ նավթի:
Ըստ վերլուծաբանների, էներգետիկ շուկայում կարող են տեղի ունենալ մեծածավալ փոփոխություններ՝ կապված Միացյալ Նահանգներում նոր տեխնոլոգիաների ներդրման հետ, որոնք թույլ կտան առավել արագ իրականացնել նավթի և գազի արդյունահանումը թերթաքար պարունակող ապարներից:
Էներգետիկայի միջազգային գործակալությունը ստեղծվել է 1974 թվականից և ունի անկախ կազմակերպության կարգավիճակ, որը նպատակ է հետապնդում համակարգելու միջազգային էներգետիկ ծրագրերը գործակալության անդամ պետությունների միջև՝ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի և եվրոպական առաջատար պետությունների միջև: