Մատչելի հղումներ

«Ֆինանսական ժայռից» խուսափելու շուրջ բանակցությունները դեռևս դուրս չեն եկել փակուղուց


Սենաի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ. «Դեմոկրատները դեռևս սպասում են հանրապետականների լուրջ առաջարկի»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի բանագնացները հանդիպում են անցկացրել ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդների հետ, որոնք նվիրված են եղել կառավարական ֆինանսական մեծածավալ խնդիրների լուծման համար սահմանված վերջնաժամկետին, սակայն բանակցությունները դեռևս հնարավոր չի եղել դուրս բերել փակուղուց:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոտի Գայթները զրույց է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Բոների հետ, որի ընթացքում քննարկվել է 2013 թվականի հունվարի 1-ին 600 միլիարդ դոլար ծավալով պետական ծախսերի կրճատման և հարկադրույքների ավելացմանն ուղղված միջոցառումների՝ «ֆինանսական ժայռի» վրա հասնելու հնարավորությունը:

ԱՄՆ-ի Կոնգրեսում հանրապետականների առաջնորդ Բոները չորեքշաբթի ուշ երեկոյան «ֆինանսական ժայռի» շուրջ զրույց է ունեցել նաև նախագահ Օբամայի հետ: Զրույցի արդյունքներով սակայն Բոները որևէ առաջընթաց գրանցելու մասին չի հայտնել՝ ասելով, որ «Սպիտակ տան և Ներկայացուցիչների պալատի միջև վերջին երկու շաբաթվա ընթացքում անցկացված բանակցությունները շոշափելի որևէ արդյունքի չեն բերել»:

Բոները քննադատության է ենթարկել նախագահ Օբամային այս շաբաթվա ընթացքում տարեկան 250 հազար դոլար վաստակող՝ ունևոր համարվող ամերիկացիների նկատմամբ կիրառվող հարկային արտոնությունները հանելու կողմ հանդես եկող հարկատուների հավաքներ կազմակերպելու համար:

«Սա խաղ չէ: Վտանգված են աշխատատեղեր, Ամերիկայի տնտեսությունն է վտանգված, և եկել է հասուն առաջնորդություն ցուցաբերելու պահը», - ասել է Ջոն Բոները՝ հավելելով. «Ընտրարշավի ոճով անցկացվող հավաքները, որոնք զուգորդվում են մամուլին միակողմանի տեղեկատվության տրամադրմամբ, չեն կարող որևէ կերպ խնդիրների լուծման միջոց դառնալ այստեղ՝ Վաշինգտոնում»:

ԱՄՆ-ի Սենաի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հերի Ռիդը, անդրադառնալով «ֆինանսական ժայռ»-ի լուծմանն ուղղված բանակցություններին, ասել է, թե «դեմոկրատները դեռևս սպասում են հանրապետականների լուրջ առաջարկի»:
XS
SM
MD
LG