Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետդեպը՝ Հայոց ցեղասպանության շուրջ ԱՄՆ-ի դիրքորոշման և հայ-թուրքական արձանագրությունների մասին


«Միացյալ Նահանգները շարունակում է հորդորել Հայաստանին ու Թուրքիային աշխատել համատեղ՝ հասնելու համար փաստերի համապարփակ, անկեղծ և արդարացի ճանաչման»

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին պատասխանել է Հայոց ցեղասպանության շուրջ ԱՄՆ-ի դիրքորոշման, ԱՄՆ-ի նախագահի թեկնածու լինելու ժամանակ Հայոց ցեղասպանության շուրջ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշման, ինչպես նաև հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերին:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության շուրջ ԱՄՆ-ի Սենատի կողմից ընդունված բանաձևին՝ արտգործնախարարության խոսնակն ասել է, թե ԱՄՆ-ի դիրքորոշումն այս հարցի շուրջ երկար ժամանակ եղել է այն, որ Միացյալ Նահանգները «հստակ որպես պատմական փաստ է ընդունում և սգում է 1,5 միլիոն հայերի կյանքի կորստի կապակցությամբ, որոնք կոտորվել կամ ուղևորվել են մահվան Օսմանյան կայսրության վերջին օրերի ընթացքում»:

«Այս զարհուրելի իրադարձությունների հետևանքով տեղի է ունեցել 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկը, և Միացյալ Նահանգները ճանաչում է, որ դրանք շարունակում են մեծ ցավ պատճառել Հայաստանի ժողովրդին և ծագումով հայ անձանց, ինչպես նաև այն բոլոր մարդկանց, ովքեր կիսում են համընդհանուր հիմնարար սկզբունքները: Չեմ կարող ներկայացնել դրանից ավելի մանրամասն մեկնաբանություն», - ասել է արտգործնախարար Փսաքին:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման շուրջ հարցը ներկայացրած լրագրողն արտգործնախարարության խոսնակ Փսաքիին ուղղված իր հաջորդ հարցում խնդրել էր ներկայացնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ նախագահի թեկնածու լինելու ժամանակ Հայոց ցեղասպանության շուրջ զբաղեցրած դիրքորոշումը:

Այս հարցին արտգործնախարար Փսաքին արձագանքել է՝ նշելով, որ որպես նախագահի թեկնածու Բարաք Օբաման ուներ իր անձնական տեսակետը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, որը, ըստ արտգործնախարարության խոսնակի, ներկայացվել էր անցյալ տարի՝ իր կողմից հրապարակված հայտարարության մեջ:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ստեղծված իրավիճակին և հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացին նվիրված հարցին՝ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակն ասել է, թե Միացյալ Նահանգները շարունակում է հորդորել երկու պետություններին աշխատել համատեղ՝ հասնելու համար փաստերի համապարփակ, անկեղծ և արդարացի ճանաչման:

Արտգործնախարարության խոսնակ Փսաքին նշել է, որ «Հայաստանն ու Թուրքիան, աշխատելով համատեղ՝ իրենց ընդհանուր պատմությանն անդրադառնալու ուղղությամբ, կարող են առաջ քաշել կայունությունն ու բարգավաճումը Կովկասի ամբողջ տարածաշրջանում, և մենք շարունակում ենք նրանց հետ այս հարցի շուրջ տարվող աշխատանքը»:

«Չնայած արձանագրությունների առումով այս պահին առաջխաղացում չկա, պետք է նշել, որ երկու կողմերը շարունակում են հավատարիմ մնալ հարաբերությունների բարելավման գործընթացին, որից չի հրաժարվել կողմերից ոչ մեկը: Այս հարցում մենք ամենից շատ շահագրգռված ենք նրանում, որ Հայաստանն ու Թուրքիան դարմանեն անցյալի վերքերն ու միասին շարժվեն առաջ՝ տարածաշրջանում անվտանգ և բարգավաճ համատեղ ապագա կառուցելու ուղղությամբ, և իհարկե բնական է, որ մեր քաղաքականությունն ուղղորդվում է այս նպատակով», - շեշտել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը:
XS
SM
MD
LG