Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հորդորել է ապահովել Այլիսլիի անվտանգությունը


«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին կատարել ստանձնած պարտավորությունները՝ Այլիսլիի անվտանգության ապահովման վերաբերյալ»

ԱՄՆ-ի արտգործնախարարությունն անդրադարձ է կատարել գրող Աքրամ Այլիսլիի և նրա ընտանիքի անդամների շուրջ Ադրբեջանում ստեղծված իրավիճակին և կոչ է արել Ադրբեջանին ապահովել նրանց անվտանգությունը:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունում նախօրեին անցկացված լրագրողների հետ հանդիպման ընթացքում լրագրողներից մեկը հարց է ուղղել ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդին գրող Աքրամ Այլիսիի կյանքի ներկայացվող սպառնալիքների վերաբերյալ:

«Նա հրապարակել է վեպ հայ և ադրբեջանցի ժողովուրդների որոշ ներկայացուցիչների փոխհարաբերությունների մասին, ինչը ըստ էության առաջացրել է կառավարության և ընդդիմության զայրույթը: Ընդդիմության առաջնորդը գրողի ականջը կտրելու դիմաց երեկ առաջարկել է 12 հազար դոլարի պարգևատրում, իսկ նրա ընտանիքի անդամներին ստիպել են հեռանալ զբաղեցրած պաշտոններից: Հետևու՞մ է արդյոք ԱՄՆ-ի արտգործնախարարությունն այս զարգացումներին, և արդյո՞ք կապ եք պաշտպանում Ադրբեջանի կառավարության հետ այս հարցի շուրջ», - հարցրել է լրագրողը։

Պատասխանելով լրագրողի հարցին, ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ նշել է, որ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը մեծ ուշադրությամբ է հետևում զարգացումներին:

«Որքանով տեղյակ ենք, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունը հետ է կանգնել [գրողի ականջը կրտելու դիմաց] հայտարարված պարգևատրումից, իրավապահ մարմինները հարցաքննության են հրավիրել այդ անձնավորությանը, ինչն այս ամենի կապակցությամբ պատշաճ արձագանք է», - ասել է արտգործնախարարության խոսնակը՝ հավելելով. «Մենք անշուշտ ամբողջովին պաշտպանում ենք խոսքի ազատությունը և հավատացած ենք, որ այն անհրաժեշտ է պաշտպանել: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին կատարել ստանձնած պարտավորությունները՝ Այլիսլիի և երկրի բոլոր քաղաքացիների ապահովությունն ու անվտանգությունը ապահովելու վերաբերյալ»։

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը վստահեցրել է նաև, որ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունը կապ է պաշտպանում Ադրբեջանի կառավարության հետ այս հարցի շուրջ:
XS
SM
MD
LG