Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսը «ֆինանսական ժայռ»-ի վտանգը կասեցնելու ուղղությամբ հրատապ քայլեր չի ձեռնարկում


Ներկայացուցիչների պալատն ընդմիջում է հայտարարել մինչև գալիք կիրակի օրը, իսկ Սենատը շարունակում է աշխատանքը, սակայն քննարկում է ԱՄՆ-ում հետախուզական տեղեկությունների հավաքումը կարգավորող հարցեր

Հարկերի ինքնաբերաբար բարձրացման և դաշնային կառավարության կողմից կատարվող ծախսերի լայնածավալ կրճատումների՝ այսպես կոչված «ֆինանսական ժայռ» անվանումը ստացած միջոցառումների ուժի մեջ մտնելուն մնացել է չորս օր: Վաշինգտոնը սակայն պատշաճ ջանքեր չի գործադրում բյուջեի պակասորդի շուրջ համաձայնություն ձեռք բերելու գործում, որն անհրաժեշտ է՝ «ֆինանսական ժայռ»-ից խուսափելու համար:

Բազմաթիվ օրենսդիրներ բացակայում են Վաշինգտոնից, իսկ նրանք, ովքեր ԱՄՆ-ի մայրաքաղաքից չեն հեռացել, զբաղված են միմյանց մեղադրելով:

Պաշտոնական Վաշինգտոնին նայելով՝ անհնար է կռահել, որ ամբողջ երկիրը գտնվում է «ֆինանսական ժայռ»-ի վտանգի եզրին: Նախագահ Օբաման հինգշաբթի օրը վերադարձել է Հավայան կղզիներում անցկացված արձակուրդից՝ առանց որևէ հանդիպումներ անցկացնելու ծրագրերի:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդմիջում է հայտարարել մինչև գալիք կիրակի օրը, իսկ Սենատը շարունակում է աշխատանքը, սակայն քննարկում է ԱՄՆ-ում հետախուզական տեղեկությունների հավաքումը կարգավորող հարցեր:

Միացյալ Նահանգների Սենատի մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը մեղադրել է Ներկայացուցիչների պալատը՝ երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող ժամանակ ընդմիջում հայտարարելու պատճառով:

«Չեմ պատկերացնում հետևանքները: Նրանք [Ներկայացուցիչների պալատի անդամները] գտնվում են այնտեղ, որտեղ գտնվում են, իսկ մենք այստեղ ենք և փորձում ենք որևէ արդյունքի հասնել», - ասել է սենատոր Ռիդը:

Սենատի մեծամասնության առաջնորդ Ռիդը մեղադրել է նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոներին բռնապետի վերածվելու մեջ:

«Ներկայացուցիչների պալատը գործում է առանց Ներկայացուցիչների պալատի: Այն գործում է խոսնակի բռնատիրության ներքո», - ասել է Ռիդը:

Սենատոր Ռիդի այս արտահայտությանը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակի ներկայացուցիչը պատասխանել է՝ ասելով, թե «սենատոր Ռիդին պետք է ավելի շատ զբաղվել օրինաստեղծ գործունեությամբ»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ հորդորել էր դեմոկրատական կուսակցության կողմից վերահսկվող Սենատը հավանության արժանացնել «ֆինանսական ժայռ»-ից խուսափելու հնարավորություն ընձեռող՝ պետական բյուջեի պակասորդը երկարաժամկետում նվազեցնելուն ուղղված իրավական մի շարք միջոցառումների փաթեթը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Բոների և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի միջև բանակցությունները ձախողվել էին անցյալ շաբաթ, ինչից հետո Բոներին չէր կարողացել համոզել համակուսակից հանրապետականների դաշինքը հավանության արժանացնել այլընտրանքային իր ծրագիրը, որով նախատեսվում էր բարձրացնել միայն տարեկան մեկ միլիոն դոլարից ավել վաստակող ամերիկացիների նկատմամբ կիրառվող հարկադրույքները: Նախագահ Օբաման իր հերթին առաջարկում է, որ հարկային դրույքաչափերը պետք է բարձրացվեն տարեկան առնվազն 400 հազար դոլար վաստակող ամերիկացիների նկատմամբ:
XS
SM
MD
LG