Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսը ցանկանում է տեղեկանալ գեներալ Փեթրեուսի հրաժարականի մանրամասներից


Գեներալ Դեյվիդ Փեթրեուս (արխիվային լուսանկար)
Գեներալ Դեյվիդ Փեթրեուս (արխիվային լուսանկար)

Օրենսդիրներին հետաքրքրում է, թե ինչու է ՀԴԲ-ը տեղեկացրել ԿՀՎ-ի տնօրենի արտամուսնական կապերի մասին միայն նախագահական ընտրություններից հետո

ԱՄՆ-ի օրենսդիրները ցանկանում են տեղեկանալ ԿՀՎ-ի արդեն նախկին տնօրեն Դեյվիդ Փեթրեուսի և նրա կենսագրական աշխատանքի հեղինակ, լրագրող Փոխա Բրոդվելի միջև արտամուսնական կապերի շուրջ ՀԴԲ-ի կողմից իրականացվող հետաքննության մանրամասների մասին: Կոնգրեսականներին հետաքրքրում է, թե արդյոք այս գործը վտանգ է ներկայացրել ազգային անվտանգությանը և թե ինչու իրենց ավելի վաղ չեն տեղեկացրել այս գործի մասին:

ԱՄՆ-ի Սենատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Դայան Ֆայնստայնը, հանդես գալով ամերիկյան «Ֆոքս Նյուզ» հեռուստատեսությամբ, ասել է, թե հանձնաժողովին ոչ ոք նախօրոք չի տեղեկացրել տեղի ունեցածի մասին:

«Սա մեզ համար կատարյալ անակնկալ էր: Այնուամենայնիվ անհրաժեշտ է նշել, որ մենք գիտենք, թե ինչպես է պետք վարվել գաղտնի տեղեկատվության հետ: Եթե ունես տեղեկություններ, ապա առնվազն կարող ես գնահատել դրանք և սկսել պլանավորումը: Այս դեպքում նման բան չի կատարվել», - ասել է Ֆայնստայնը, որը խոսել է ՀԴԲ-ի կողմից գեներալ Փեթրեուսին լավ ճանաչող մեկ այլ կնոջ՝ Ջիլ Քելիին հասցեագրված Փոլա Բրոդվելի սպառնացող նամակներ ուղարկելու կապակցությամբ իրականացվող հետաքննության մասին:

Այս նամակների շնորհիվ են բացահայտվել Բրոդվելի և Փեթրեուսի մոտ հարաբերությունները: Նամակները հայտնաբերելուց հետո ՀԴԲ-ը կապ էր հաստատել հետախուզության ղեկավարության հետ, որից հետո ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերն առաջարկել է Փեթրեուսին հրաժարական ներկայացնել: Որոշ աղբյուրների համաձայն, Քլեփերը տեղեկացվել է գործի մանրամասների մասին նոյեմբերի 6-ի երեկոյան, երբ ԱՄՆ-ում ընթանում էին նախագահական ընտրությունները:

Փեթրեուսն ընդունել է արտամուսնական կապերի փաստը և անցյալ հինգշաբթի օրն ազատել է ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնը: ԱՄՆ-ի օրենսդիրները սակայն դեռևս հարցեր ունեն Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ-ի հյուպատոսության ուղղությամբ այս տարվա սեպտեմբերի 11-ին իրականացված հարձակման կապակցությամբ, որին զոհ էին գնացել այս երկրում Միացյալ Նահանգների դեսպանն ու ևս երեք ամերիկացիներ: Օրենսդիրները չեն բացառում, որ Փեթրեուսը կանգնելու է Կոնգրեսի առջև՝ այս միջադեպի կապակցությամբ վկայություններ տալու նպատակով:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Փիթեր Քինգը, անդրադառնալով ՀԴԲ-ի կողմից իրականացվող հետաքննությանը, ասել է, թե, ըստ էության, նախագահական ընտրությունների նախօրեին ԱՄՆ-ի Սպիտակ տունը ցանկանում էր խուսափել սկանդալից:

«Հետաքննությունն ըստ էության շարունակվում էր մի քանի ամիս, իսկ այժմ ասվում է, թե ՀԴԲ-ը մինչև նախագահական ընտրությունների օրը չէր կռահում, որ այս գործում ներգրավված է եղել գեներալ Փեթրեուսը: Այստեղ ինչ-որ բան այն չէ», - ասել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Փիթեր Քինգը:
XS
SM
MD
LG