Մատչելի հղումներ

Տուբերկուլյոզի նոր, անբուժելի ձևերը մտահոգություն են առաջացնում


Տուբերկուլյոզի վերահսկման պայքարում սա վատագույն տարբերակն է: Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցյալ տարվա վերջին բժիշկները հայտնել են մի խումբ հիվանդների մասին, ովքեր վարակված են այսպես կոչված «դեղորայքին դիմակայող տուբերկուլյոզով»:

Հնդկաստանում առողջապահության ոլորտի մասնագետները հետաքննում են այս դեպքերը, սակայն բակտերային շնչառական հիվանդության այս դեպքերը նորություն չեն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 69 երկիր է նշում, որոնք պաշտոնապես հայտնել են «դեղորայքին մեծապես դիմակայող» տուբերկուլյոզի տարատեսակի մասին: Դա միկրոբակտերիայի տեսակ է, որը չի վերացվում հակատուբերկուլյոզի առաջնային և երկրորդային ներարկվող դեղորայքով: Նման միկրոբակտերիա է հայտնաբերվել Հնդկաստանում:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ամեն տարի «դեղորայքին մեծապես դիմակայող» տուբերկուլյոզի առնվազն 25 հազար դեպք է գրանցվում:

Կազմակերպության նախագահ, բժիշկ Մարգարետ Չանը «դեղորայքին մեծապես դիմակայող» տուբերկուլյոզի առաջացումը տագնապահարույց է անվանում:

«Ինչ ուզում եք՝ անվանեք այն՝ ռումբ կամ պայթուցիկ: Ինչպես էլ նայեք այդ խնդրին, սա պայթունավտանգ իրավիճակ է», - ասում է Մարգարետ Չանը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ դեղորայքին դիմակայող տուբերկուլյոզը խնդիր է դարձել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հնդկաստանն ու Չինաստանը, քանի որ հիվնանդները հաճախակի սխալ են ախտորոշվում և ոչ ճիշտ բուժում ստանում հակաբիոտիկների միջոցով: Այս դեղորայքի սխալ օգտագործումը ավելցնում է այն վտանգը, որ ախտածինը աստիճանաբար դիմադրողականություն կզարգացնի այդ դեղորայքի դեմ:

Բժիշկ Նիրաջ Միսթրիի խոսքերով՝ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ քիչ հնդիկ բժիշկներ են տուբերկուլյոզով հիվանդներին բուժում ճիշտ դեղորայքով ճիշտ ժամանակահատվածում :

«Տուբերկուլյոզին ամբողջությամբ դիմակայումը ձախողված հանրային առողջապահության ռազմավարության արդյունք է: Երբ սխալ բուժման մեթոդ ենք առաջարկում և հետևողական չենք հիվանդության բուժման գործում, ապա դա հիվանդի մեջ դիմադրողականություն է զարգացնում», - ասում է բժիշկ Միսթրին:

Փորձագետներն ասում են, որ տուբերկուլյոզի դեմ առկա դեղորայքի ձախողման պայմաններում նոր դեղորայքի անհրաժեշտությունն ավելի հրատապ է դառնում:

Տուբերկուլյոզի կանխարգելումը պատվաստման միջոցով կարող է խոստումնալից ռազմավարություն դառնալ: Ըստ մասնագետների, իդեալական կլինի բոլոր տարիքային խմբերի համար՝ նորածնից մինչև տարեց, պատվաստանյութի մշակումը:

«Աէրաս» տուբերկուլյոզի պատվաստման համաշխարհային հիմնադրամի բժիշկ Գինսբըրգըն իր աշխատակիցների հետ տուբերկուլյոզի երկու պատվաստանյութի կլինիկական հետազոտություն է անցկացնում՝ հուսալով տուբերկուլյոզից երկարատև իմունիտետ ապահովել և կանգնեցնել հիվանդության տարածումը: Եթե ամեն ինչ զարգանա ըստ նախատեսվածի՝ պատվաստանյութը պատրաստ կլինի 2020 թվականին:

«Տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութի կլինիկական մշակումը երկարատև գործընթաց է. նախ հիվանդության բնույթի պատճառով. մարդիկ վարակվում են տուբերկույլոզով և հաճախ երկար տարիներ չեն հիվանդանում: Ուստի, երբ անցկացվում է պատվաստանյութը փորձ, անհրաժեշտ է պատվաստել մարդկանց և սպասել մի քանի տարի՝ հայտնաբերելու համար, արդյոք նրանք վարակվել են տուբերկուլյոզով», - ասում է բժիշկ Գինսբըրգը:

Մինչ աշխարհը սպասում է տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութի ՝ հակաբակտերիային միջոցների նոր դասով հզորացված նոր դեղորայքը հնարավոր է, որ մատչելի դառնա այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին:
XS
SM
MD
LG