Մատչելի հղումներ

«Սիրիայում հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 60 հազար մարդ»


«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոյեմբերի վերջից հակամարտությունը չի դադարել, կարող ենք եզրակացնել, որ 2013 թվականի սկզբի դրությամբ զոհվել է ավելի քան 60 հազար մարդ». ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար

Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը չորեքշաբթի օրը ներկայացրել է ՄԱԿ-ի հանձնարարությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն Սիրիայում չդադարող հակամարտության զոհ է գնացել առնվազն 60 հազար մարդ:

Վերլուծաբանների ու հետազոտողների կողմից հինգ ամսվա ընթացքում տեղեկատվության յոթ աղբյուրների, ներառյալ Սիրիայի կառավարության կողմից տրամադրվող տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում կազմվել է 2011 թվականի մարտի 15-ից մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում զոհված 59648 անձանց անունները պարունակող ցուցակ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոյեմբերի վերջից հակամարտությունը չի դադարել, կարող ենք եզրակացնել, որ 2013 թվականի սկզբի դրությամբ զոհվել է ավելի քան 60 հազար մարդ», - ասել է Փիլեհը՝ հավելելով. «Զոհերի թիվը զգալիորեն գերազանցում է կանխատեսումները, և դա իսկապես ցնցող հանգամանք է»:

ՄԱԿ-ը Սիրիայում զոհվածների թվի կապակցությամբ գնահատականների մասին հանդես չէր եկել այս տարվա մայիս ամսից, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հայտնել էր, թե Սիրիայում հակամարտության հետևանքով զոհվածների թիվը կազմում է 10 հազար:

Հետազոտությունն իրականացվել է շահույթ չհետապնդող «Բենետեք» ընկերության կողմից: Արդյունքում հայտնաբերվել է, որ 2011 թվականի մայիսին Սիրիայի հակամարտության հետևանքով գրանցվում էր ամսեկան մոտ 1000 զոհ, իսկ 2012 թվականի հուլիսից այս ցուցանիշը բարձրացել է՝ հասնելով մինչև ամսեկան 5000 զոհ: Զոհերի գրեթե քսան տոկոսը գրանցվել է Հոմս քաղաքում, բազմաթիվ զոհեր են եղել նաև երկրի մայրաքաղաք Դամասկոսը շրջապատող տարածքներում:

Հետազոտությունում սակայն որևէ տեղեկություն չի ներկայացվում զոհվածների ազգային պատկանելիության մասին, ինչպես նաև այն մասին, թե արդյոք զոհվածները եղել են ապստամբներ, կառավարական ուժերի ծառայողներ թե խաղաղ բնակիչներ:
XS
SM
MD
LG