Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի քննիչները վերադարձել են Իրան


Իրանի Փարչին ռազմակայանի արբանյակային լուսանկար (արխիվ)
Իրանի Փարչին ռազմակայանի արբանյակային լուսանկար (արխիվ)

Պատժամիջոցների հետևանքով Իրանն անցյալ տարի կորցրել է 40 միլիարդ դոլար

Միավորված ազգերի կազմակերպության քննիչները վերադարձել են Իրան՝ այս երկրի միջուկային ծրագրի շուրջ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ համաձայնության գալու բանակցությունների նոր շրջան անցկացնելու նպատակով:

Իրանի իշխանությունները երեքշաբթի օրն ակնարկել են Փարչին ռազմակայան քննիչների մուտքը թույլատրելու հնարավորության մասին: Արևմուտքի պետությունները կասկածներ ունեն, որ այս ռազմակայանում իրականացվում են միջուկային զենքի մշակման հետ կապված աշխատանքներ, սակայն Իրանի իշխանությունները պնդում են, որ Փարչինը սովորական ռազմական է, իսկ երկրում իրականացվող միջուկային ծրագիրն ունի զուտ խաղաղ նպատակներ:

ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը չորեքշաբթի օրը հայտնել է, որ անցյալ տարի միջազգային պատժամիջոցների պատճառով նավթի վաճառքից Իրանի կորուստները կազմել են 40 միլիարդ դոլար:

Իրանի հոգևոր գերագույն առաջնորդն այնուամենայնիվ հերքել է Միացյալ Նահանգների հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցությունների անցկացման հնարավորությունը՝ ասելով, թե բանակցությունները որևէ լուծման չեն բերի:

Իր կայքում անցյալ շաբաթվա վերջին հրապարակված հայտարարության մեջ այաթոլա Ալի Խամենեին նշել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում են բանակցություններ անցկացնել՝ միաժամանակ Իրանին պատժելու վերաբերյալ սպառնալիքներ ներկայացնելով, և որ իր երկիրը հնարավոր չէ ահաբեկել:

Իրանի գերագույն առաջնորդի կողմից տարածված հայտարարության նախօրեին ուժի մեջ էին մտել Իրանի նավթային արդյունաբերության դեմ ուղղված պատժամիջոցները: ԱՄՆ-ի Սպիտակ տունը խոստացել է շարունակել Իրանի նկատմամբ գործադրվող ճնշումն այնքան ժամանակ, որքան այդ երկիրը շարունակի միջուկային զենքի մշակումն ու մարդու իրավունքների խախտումները:

Իրան այս տարվա հունվարի կեսին այցելել էր ՄԱԿ-ի միջուկային գործակալության գլխավոր տեսուչի գլխավորած մասնագետների մի խումբ, որի այցի արդյունքում սակայն հնարավոր չեղավ հասնել Իրանի միջուկային ծրագրի հետ առնչություն ունեցող հաստատություններ մուտք գործելու մասին համաձայնության:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի՝ որպես «P5+1» հայտնի պետությունների խմբի և Իրանի միջև բանակցությունները վերջին անգամ անցկացվել են անցյալ տարվա հունիսին, սակայն որևէ հաջողության չէին հասել այն պատճառով, որ կողմերից որևէ մեկը չէր ցանկացել զիջումներ կատարել իրենց ունեցած դիրքորոշման մեջ:
XS
SM
MD
LG