Մատչելի հղումներ

Հայհոյանքներ Պուտինի հասցեին՝ Ուկրաինայի արտգործնախարարի կողմից


Ուկրաինայի արտգործնախարարը փորձում էր հանդարտեցնել Կիևում Ռուսաստանի դեսպանության մոտակայքում բողոքի ցույց անցկացնողներին

Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Դեշչիցան հայհոյանքներ է ուղղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտակայքում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ:

Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ նախօրեին բողոքի ակցիայի մասնակիցները պատռել էին Ռուսաստանի դրոշը, քարեր և հավկիթներ նետել դեսպանատան ուղղությամբ:

Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հորդորում էր ցուցարարներին դադարեցնել բողոքի ակցիան, սակայն ընդհակառակը՝ Պուտինի հասցեին ուղղված նրա խոսքերը հրահրել էին ցուցարարներին:

«Ես չեմ ասել, որ դեմ եմ ձեր բողոքին: Ես կողմ եմ, որ դուք բողոքեք: Պատրաստ եմ կանգնել ձեր կողքին և վանկարկել. «Ռուսաստան, դու՛րս Ուկրաինայից», - ասել է Ուկրաինայի արտգործնախարարը, ինչին հետևել էր նախագահ Պուտինին հասցեագրված հայհոյանքը:

Մոսկվան կիրակի օրը վրդովմունք է արտահայտել Ուկրաինայի արտգործնախարարի արտահայտությամբ և պահանջել Ուկրաինայի կառավարությունից ազատել արտգործնախարարին զբաղեցված պաշտոնից:

Ուկրաինայում հունիսի 15-ը սգո օր է հայտարարվել՝ ռուսաստանամետ անջատողականների կողմից ռազմական տրանսպորտային օդանավի տապալման հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ:

Ուկրաինայի գլխավոր դատախազության համաձայն, օդանավում գտնվող 40 ուղևորներն ու անձնակազմի ինն անդամները զոհվել էին շաբաթ օրը վաղ առավոտյան Ուկրաինայի օդուժին պատկանող «Իլ-76» օդանավը ռուսաստանամետ զինյալների կողմից տապալելու հետևանքով:
XS
SM
MD
LG