Մատչելի հղումներ

Թուրքիան պատրաստվում է դիմակայել նոր հարվածների


Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ ամրապնդելու է սահմանը՝ կապված երկուշաբթի Սիրիայի սահմանին գտնվող Սուրուջ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետ:

Թուրքիայի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ պարզել է Սուրուջ քաղաքում պայթյունն իրականացրած կասկածյալի ինքնությունը, ու նրա ներթուրքական ու միջազգային կապերի բացահայտման գործողություններ է ձեռնարկում: Կառավարությունը Սիրիայի սահմանին տեղի ունեցած այս գրոհը ներկայացնում է իբրև «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Թուրքիայում իրականացված առաջին գործողություն:

Թուրքիայի ընդդիմադիր կազմակերպությունների ղեկավարները դատապարտել են Թուրքիայի կառավարող կուսակցությանը սահմանի պաշտպանության ձախողման և նման սպառնալիքների նկատմամբ ոչ լուրջ մոտեցման համար: Ստամբուլում երկուշաբթի օրը հազարավոր մարդկանց մասնակցությամբ բողոքների ցույցերը թուրք ոստիկանները դիմավորեցին ջրցան մեքենաներով ու ռետինե գնդակների կիրառմամբ: Ըստ նախկին դեսպան Մուրաթ Բիլհանի՝ Թուրքիայի Արևմտյան դաշնակիցներից շատերը կիսում են սահմանի և ջիհադական խմբերի նկատմամբ կառավարության կեցվածքի շուրջ մտահոգությունները. «Փաստ է, որ Իսլամական պետությունը Սիրիայում օգտագործում էր Թուրքիայի տարածքը իբրև միջանցիկ ուղի ու չնայած նախկին անտարբերությանը, Թուրքիան հասկացավ, որ Իսլամական պետությունը սպառնալիք է նաեւ իր համար»:

Ըստ վերլուծաբանների՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Թուրքիայի կառավարության կողմից վերջերս իրականացված գործողությունները, որոնք ավարտվեցին մի քանի տասնյակ մարդկանց ձերբակալությամբ, դրդիչ պատճառ հանդիսացավ նման ռմբահարման համար: Ըստ Թուրքիայի հետախուզական ծառայությունների, «Իսլամական պետություն» խմբավորման հատուկ պատրաստված մի խումբ է անցել դեպի Թուրքիա: Եվ այժմ Թուրքիան պատրաստվում է դիմակայելու նոր հարվածների:

XS
SM
MD
LG