Մատչելի հղումներ

Թուրքիան ոսկու դիմաց է կատարում Իրանից գազի գնումները


Էներգակիրների մատակարարին փոխելու համար զգալի ժամանակ է անհրաժեշտ, և հավանական է, որ ոսկին որոշ ժամանակ դեռևս կշարունակի հոսքը դեպի Թեհրան

Թուրքիայի իշխանությունները խոստովանել են, որ այս տարի երկրից ոսկու արտահանումների ծավալները զգալի աճ են գրանցել: Անկարայի այս խոստովանությունը լույս է արձակել Թեհրանի դեմ ուղղված պատժամիջոցները խախտելու գործում Թուրքիայի խաղացած դերի վրա:

Արձագանքելով այս տեղեկատվությանը՝ ԱՄՆ-ի սենատորներն ասել են, թե նախատեսում են վերացնել օրենսդրական այս բացթողումը: Թուրքիայի առևտրի նախարարը սակայն զգուշացրել է, որ Անկարան չի հետևելու ԱՄՆ-ի որևէ նոր պատժամիջոցի:

Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբախանն ընդունել է, որ ներմուծվող գազի դիմաց իր երկիրը վճարումները ոսկով է կատարում: Չնայած Վաշինգտոնը զգուշացրել է, թե նախատեսում է նոր միջոցներ ձեռնարկել՝ նման վճարումները կանխելու նպատակով, Թուրքիայի տնտեսության նախարար Զաֆեր Չաղլանը հակադարձել է սպառնալիքներին:

«ԱՄՆ-ի պատժամիջոցները նշանակություն ունեն ԱՄՆ-ի համար», - ասել է Չաղլանը՝ հավելելով. «Մենք ունենք միջազգային բազմակողմ պայմանագրեր: Մենք այդ պայմանավորվածությունների կողմերից մեկն ենք, և դրանք պարտադիր ուժ ունեն մեզ համար: Բացի դրանից, Եվրամիության կողմից ձեռնարկվող միջոցառումները նույնպես պարտադիր ուժ չունեն մեզ համար, քանի որ մենք անդամ պետություն չենք»:

Իրանը Ռուսաստանից հետո Թուրքիա բնական գազ երկրորդ խոշորագույն առաքողն է. այն ապահովում է Թուրքիա ներմուծվող բնական գազի 18, նավթի՝ 51 տոկոսը: Թուրքիա է առաքվում Իրանում արդյունահանված բնական գազի ավելի քան 90 տոկոսը:

Քանի որ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների համաձայն արգելվում է Թեհրանին վճարումներ կատարել դոլարով կամ եվրոյով, Անկարան ստիպված է վճարումները կատարել Թուրքիայի արժույթով՝ լիրայով, որը սահմանափակ արժեք ունի միջազգային շուկայում ապրանքների գնումների համար, սակայն իդեալական միջոց է՝ թուրքական ոսկին գնելու գործում: Վերլուծաբանների համաձայն, նման պայմանավորվածությունը փոխշահավետ է երկու պետությունների համար:

Թուրքիայից Իրան ոսկու արտահանումներն այս տարվա սկզբից կտրուկ աճ են գրանցել: Պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա օգոստոսին մոտ 2 միլիարդ դոլարի ոսկի է առաքվել Դուբայ՝ Իրանի գնորդների անունից:

Վերլուծաբանները պնդում են նաև, որ չնայած միջազգային հանրության կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման՝ Անկարան չի ցանկանում ամբողջությամբ դադարեցնել Իրանից էներգակիրների ներմուծումը, քանի որ այդ դեպքում Թուրքիան բնական գազի առաքումների առումով կախվածության մեջ կընկնի Մոկսվայից:

Թեհրանի և Անկարայի միջև կապերը վերջին երկու տարվա ընթացքում է՛լ ավելի բարդ են դարձել, քանի որ արաբական պետություններում շարունակվող ապստամբությունները առաջացրել են արտաքին քաղաքականության նպատակների բևեռացում: Երկու պետությունների միջև վերջերս գրանցված տարաձայնությունը կապված է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին Իրանի կողմից տրամադրվող աջակցության հետ, մինչդեռ Թուրքիան աջակցում է Դամասկոսի վարչակարգը տապալելու ուղղությամբ պայքար մղող ապստամբներին:

Վերլուծաբանների կարծիքով, Անկարան ըստ երևույթի Իրանից էներգակիրների կատարվող առաքումներին այլընտրանք է որոնում, որը միաժամանակ ընդունելի կլինի Իրանի վարչակարգի դեմ ճնշումն ուժեղացնելու նպատակ հետապնդող Բրյուսելի և Վաշինգտոնի համար: Էներգակիրների մատակարարին փոխելու համար սակայն զգալի ժամանակ է անհրաժեշտ, և հավանական է, որ ոսկին որոշ ժամանակ դեռևս կշարունակի հոսքը դեպի Թեհրան:
XS
SM
MD
LG