Մատչելի հղումներ

Թունիսում անցկացվել է ընդդիմության սպանված գործչի հուղարկավորության արարողությունը


Չոքրի Բելաիդի հուղարկավորության արարողությունն այցելել են երկրի տասնյակ հազարավոր բնակիչներ

Թունիսի տասնյակ հազարավոր բնակիչներ ուրբաթ օրն այցելել են երկրի աշխարհիկ ընդդիմության սպանված առաջնորդ Չոքրի Բելաիդի հուղարկավորության արարողությունը:

Թունիսի դրոշով պաթաթված զոհվածի աճյունը տեղափոխող բեռնատար մեքենան շրջապատած մարդկանցից շատերն արտահայտել են իրենց զայրույթն ու վանկարկել հակաիսլամիստական կարգախոսներ:

Հուղարկավորության արարողությունն այցելած մարդիկ իրենց ձեռքում պահում էին Չոքրի Բելաիդի դիմանկարներ և վանկարկում «Բելաիդ, մենք կշարունակենք պայքարը»:

Չոքրի Բելաիդի հուղարկավորության որոշ այցելուներ վանկարկել են նաև երկրում իշխանության գլուխ կանգնած «Էնահդա» կուսակցության առաջնորդ Ռաչիդ Ղանուչիի դեմ ուղղված կարգախոսներ:

Հիշեցնենք, որ Թունիսի ընդդիմադիր Ժողովրդական ճակատի առաջնորդների մեկը՝ Չոքրի Բելաիդը սպանվել է իր տան մոտ չորեքշաբթի օրը:

Բելաիդի սպանությունը երկրում հրահրել էր զայրույթի ալիք, ինչպես նաև մտավախություններ այն մասին, որ իսլամիստները փորձ են կատարում խարխլել Թունիսում դեպի ժողովրդավարություն կատարվող անցումը:

Հազարավոր մարդիկ Բելաիդի սպանությունից մի քանի ժամ անց դուրս էին եկել երկրի քաղաքների փողոցներ՝ արտահայտելով իրենց բողոքն ընդդիմության առաջատար գործչի սպանության կապակցությամբ:

Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուքին խիստ քննադատության է ենթարկել Բելաիդի «գարշելի սպանությունը»՝ հավելելով, որ Թունիսը «կանտեսի հեղափոխության թշնամիների ուղերձը»:

Չոքրի Բելաիդի սպանությունը քննադատել են Թունիսի քաղաքական մի շարք գործիչներ, ներառյալ իշխանության գլուխ կանգնած իսլամիստական «Էնհադա» կուսակցության առաջնորդներին: Կուսակցության ղեկավար Ռաչեդ Ղանուչին, քննադատության ենթարկելով կատարվածը, ասել է, թե ընդդիմության առաջնորդի սպանությունն իրագործած ոճրագործները ցանկանում էին, որ Թունիսում «արյունահեղություն սկսվեր»:

Որոշ քննադատներ սակայն, ներառյալ ընդդիմության սպանված առաջնորդի ընտանիքի անդամներին, բացեիբաց մեղադրել են «Էնհադա» կուսակցությանը՝ պնդելով, որ այն պատասխանատվություն է կրում Բելաիդի սպանության համար: Ընդդիմության սպանված առաջնորդը բազմիցս խիստ քննադատության էր ենթարկել իշխող կուսակցությանը՝ ծայրահեղական անդամների նկատմամբ վերահսկողությունը թուլացնելու և ընդդիմությանը սպառնալիքներ ներկայացնելու համար:
XS
SM
MD
LG