Մատչելի հղումներ

Արտգործնախարար Քերրին չհայտարարված այցով ժամանել է Կահիրե


Միացյալ Նահանգները շահագրգռված է Եգիպտոսի նոր կառավարության հետ աշխատելու մեջ՝ երկրում կատարվող անցումը հնարավորինս արագ իրականացնելու նպատակով. ԱՄՆ-ի արտգործնախարար

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին կիրակի օրը չհայտարարված այցով ժամանել է Եգիպտոս՝ այս երկրի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ բանակցություններ անցկացնելու նպատակով:

Եգիպտոսի նախագահին հանդիպելուց առաջ արտգործնախարար Քերրին բանակցություններ է անցկացրել Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սամեհ Շուքրիի հետ: Այս հանդիպման ժամանակ արտգործնախարար Քերրին ասել է, որ ներկայիս ժամանակը Եգիպտոսում կատարվող անցման համար հույժ կարևոր նշանակություն ունի:

Արտգործնախարար Քերրին Եգիպտոսի իր գործընկերոջ հետ ունեցած հանդիպման ընթացքում ասել է նաև, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է Եգիպտոսի նոր կառավարության հետ աշխատելու մեջ՝ երկրում կատարվող անցումը հնարավորինս արագ իրականացնելու նպատակով:

Միացյալ Նահանգները բազմիցս մտահոգություն է արտահայտել Եգիպտոսում անցյալ տարվա հուլիսին «Մահմեդական եղբայրության» իշխանությունը տապալելու ժամանակից այս խմբավորման ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող բռնությունների կապակցությամբ, որոնց զոհ են գնացել հարյուրավոր մարդիկ:

Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամեդ Մորսիի իշխանությունը տապալելուց հետո Եգիպտոսում բանտարկվել են «Մահմեդական եղբայրության» հազարավոր կողմնակիցներ:

Եգիպտոսի կառավարությունը, բացի այդ, անօրինական է հայտարարել երկրում «Մահմեդական եղբայրության» գործունեությունը և մահապատժի դատապարտել շարժման հարյուրավոր անդամների և այլ այլախոհների՝ վերջիններիս գործերով անցկացնելով ընդամենը մի քանի ժամ տևած դատավարություններ:
XS
SM
MD
LG