Արաբական պետությունների լիգան կքննարկի Սիրիայի խնդիրը
Սիրիայի ընդդիմադիր կազմակերպությունները կիրակի օրը ընդդիմության նոր մարմնի ղեկավարի պաշտոնում ընտրել են չափավոր հայացքներին հարող հոգևորական Մաաթ ալ-Խաթիբին
Արաբական պետությունների լիգայի ղեկավար Նաբիլ էլ-Արաբին (աջից) բանակցություններ է անցկացրել խաղաղության միջազգային հանձնակատար Լախդար Բրահիմիի հետ (ձախից)x
Արաբական պետությունների լիգայի ղեկավար Նաբիլ էլ-Արաբին (աջից) բանակցություններ է անցկացրել խաղաղության միջազգային հանձնակատար Լախդար Բրահիմիի հետ (ձախից)
Արմեն Հովհաննիսյան
12.11.2012
Արաբական պետությունների լիգայի պաշտոնյաների համաձայն, կազմակերպությունը կքննարկի Սիրիայում ստեղծվող իրավիճակը՝ այս երկրում գործող ընդդիմադիր կազմակերպությունները միավորելուն ուղղված կոալիցիա ստեղծելուց հետո:
Արաբական պետությունների լիգայի ղեկավար Նաբիլ էլ-Արաբին Կահիրեում Լիգայի անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումից առաջ բանակցություններ է անցկացրել խաղաղության միջազգային հանձնակատար Լախդար Բրահիմիի հետ:
Սիրիայի ընդդիմադիր կազմակերպությունները կիրակի օրը ընդդիմության նոր մարմնի ղեկավարի պաշտոնում ընտրել են չափավոր հայացքներին հարող հոգևորական Մաաթ ալ-Խաթիբին: Ընդդիմադիր ուժերի նորաստեղծ կոալիցիայի փոխնախագահների պաշտոնում ընտրվել են գործարար Ռիադ Սեյֆն ու ճանաչված կին-ակտիվիստ Սուհեյր ալ-Աթասին:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող կազմակերպությունները կոալիցիա կազմավորելուն ուղղված քայլերի են դիմել ԱՄՆ-ի դիվանագետների և Քաթարի պաշտոնյաների ճնշման արդյունքում:
ԱՄՆ-ի արտգործնախարարությունը կիրակի օրը տարածված հաղորդագրության մեջ նշել է, թե նախատեսում է սատարել միավորված ընդդիմության աշխատանքը, որն ուղղված է «Ասսադի արյունոտ կառավարությանը վերջ տալուն» և Սիրիայում խաղաղ և ժողովրդավարական ապագա կառուցելուն:
Ընդդիմության անդամները հայտնել են այն մասին, որ իրենք չեն նախատեսում որևէ երկխոսության մեջ մտնել Ասսադի կառավարության հետ: