Իրաքի սուննի օրենսդիրը ինքնասպան ահաբեկչի զոհ է դարձել
Երկրում չեն դադարում հիմնականում սուննիների կողմից սկսված՝ երկրի կառավարության դեմ ուղղված բողոքի ցույցերը
Արմեն Հովհաննիսյան
15.01.2013
Իրաքի պաշտոնյաների համաձայն, երկրի արևմտյան Անբար նահանգում ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով զոհվել է սուննի օրենսդիրներից մեկը:
Իֆան ալ-Իսավին զոհվել է երեքշաբթի օրը՝ Բաղդադից դեպի արևմուտք գտնվող Ֆալուջա քաղաքում ինքնասպան գրոհայինի կողմից պայթուցիկը գործարկելու պատճառով: Հարձակումն իրականացվել է այն ժամանակ, երբ չեն դադարում անցյալ տարվա դեկտեմբեր ամսից հիմնականում սուննիների կողմից սկսված՝ երկրի կառավարության դեմ ուղղված բողոքի ցույցերը:
Սուննիներից շատերը կոչ են անում Իրաքի շիա վարչապետ Նուրի ալ-Մալիքիին հրաժարական ներկայացնել, պահանջում են ազատ արձակել առանց դատավարության պահվող ազատազրկվածներին, ինչպես նաև դադարեցնել հակաահաբեկչական օրենքի գործողությունը, որը, ըստ սունիների, անարդար է և ուղղված է իրենց դեմ:
Իրաքի վարչապետ ալ-Մալիքիի կողմնակիցները նույնպես դուրս են եկել փողոցներ՝ այսպիսով սաստկացնելով երկրում տիրող կրոնական լարվածությունը:
Հիշեցնենք, որ հիմնականում սուննիներով բնակեցված Անբար քաղաքում բողոքի ցույցերը սկսվել էին երկրի ֆինանսների սունի նախարար Ռաֆա ալ-Իսավիի թիկնապահին զինված ուժերի կողմից ձերբակալությունից հետո:
Ալ-Իսավին դարձել էր Իրաքի նախարարների խորհրդի ամենաբարձրաստիճան անդամն այն բանից հետո, երբ զբաղեցրած պաշտոնից ազատվել էր սունի փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմին, որին ներկայացվել էր «մարդասպանների ջոկատներ» կազմակերպելու մեղադրանք:
Ալ-Հաշեմին, որը պնդում է, որ իր դեմ ներկայացված մեղադրանքները քաղաքական բնույթի են, հեռակա կարգով մահապատժի է դատապարտվել:
Իրաքում այս տարվա ապրիլին կկայանան տեղական ընտրություններ, ինչից առաջ, ըստ փորձագետների, երկրում տեղի ունեցող խռովությունները չեն դադարի: