Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը «խորը ափսոսանք» է հայտնել «Դիմա Յակովլև»-ի օրենքի ընդունման կապակցությամբ


«Ամերիկացի ընտանիքները վերջին 20 տարվա ընթացքում որդեգրել են ավելի քան 60 հազար ռուս երեխա, որոնց գերակշռող մեծամասնությունն այժմ բարգավաճում է՝ շնորհիվ իրենց ծնողների անձնվեր աջակցության»

«Մենք խորը ափսոսանքով ենք տեղեկացել Ռուսաստանի իշխանությունների կողմից Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև երեխաների միջպետական որդեգրման դադարեցման և ամերիկյան գործընկերների հետ Ռուսաստանի քաղաքացիական կազմակերպությունների նկատմամբ սահմանափակումներ մտցնելուն ուղղված օրենքի ընդունման մասին»:

Այս հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը, որտեղ մասնավորապես նշվել է, որ ամերիկացի ընտանիքները վերջին 20 տարվա ընթացքում որդեգրել են ավելի քան 60 հազար ռուս երեխա, որոնց գերակշռող մեծամասնությունն այժմ բարգավաճում է՝ շնորհիվ իրենց ծնողների անձնվեր աջակցության:

«Ռուսաստանի կառավարության կողմից քաղաքացիական դրդապատճառներ ունեցող այս որոշման ընդունումը կնվազեցնի ինստիտուցիոնալ խնամքի տակ այժմ գտնվող երեխաների որդեգրման հնարավորությունները: Ցավում ենք, որ նոյեմբեր ամսին որդեգրումների մասին ուժի մեջ մտած երկկողմանի պայմանագրի փոխարեն Ռուսաստանի կառավարությունը դիմել է նման քայլի: Ավելին՝ մեր մտահոգությունն առաջացնում են այն հայտարարությունները, որոնց համաձայն կարող են դադարեցվել ընթացքում արդեն իսկ գտնվող որդեգրման գործընթացները»:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ Ռուսաստանի կառավարությունը կթույլատրի իրենց ապագա ծնողների հետ հանդիպած և կապված երեխաներին ավարտել իրավական անհրաժեշտ ընթացակարգերը, որպեսզի վերջիններս կարողանան միավորվել իրենց ընտանիքների հետ»:

«Ամերիկացի գործընկերների հետ աշխատելու Ռուսաստանի քաղաքացիական հասարակության նկատմամբ այս օրենքով սահմանված սահմանափակումները, բացի այդ, կդժվարացնեն ռուսաստանյան և ամերիկյան հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունն այնպիսի բազմազան ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքների պաշտպանությունը, բաց կառավարումն ու ընտրությունների թափանցիկությունը: Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ ամբողջ աշխարհում, ներառյալ Ռուսաստանում, քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական գործընթացների զարգացմանն աջակցելուն», - եզրափակում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից տարածված հաղորդագրությունը:
XS
SM
MD
LG