Մատչելի հղումներ

Հարավային Կորեայի զինանոցը համալրվել է կառավարվող նոր հրթիռով


Ըստ Հարավային Կորեայի զինված ուժերի, այս հրթիռը հնարավորություն ունի խոցելու Հյուսիսային Կորեայում գտնվող ցանկացած թիրախ

Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի երրորդ փորձարկումն իրականացնելուց ընդամենը մի քանի օր անց, Հարավային Կորեայի զինված ուժերը ներկայացրել են նոր հրթիռ, որը, նրանց համաձայն, «կարող է խոցել Հյուսիսային Կորեայի ցանկացած մասում գտնվող թիրախները՝ ցանկացած ժամանակ»:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության խոսնակի համաձայն, նոր զենքը «չափազանց կործանարար և հզոր է, և նախատեսված է թշնամուն հարձակում կատարելուց զսպելու համար»:

Պաշտպանության նախարարի խոսնակի համաձայն, նոր հրթիռը, որը գործարկվել է սուզանավից, չափազանց ճշգրիտ է և կարող է «խոցել հյուսիսկորեական հրամանատարական կենտրոնի պատուհանները»:

Միացյալ Նահանգներն անցյալ տարի համաձայնվել է թույլ տալ Հարավային Կորեային ընդլայնել իր ունեցած բալիստիկ հրթիռների գործողության շառավիղը, ինչը, ըստ Հարավային Կորեայի պաշտպանության ոլորտի պաշտոնյաների, անհրաժեշտ է՝ հյուսիսից ավելացող սպառնալիքների պայմաններում:

Հարավային Կորեան և Ճապոնիան պաշտպանված են ամերիկյան «միջուկային անձրևանոցի» ներքո: Միացյալ Նահանգները երկու պետություններում ունի բազմաթիվ ռազմակայաններ, որտեղ տեղակայված են տասնյակ հազարավոր զինծառայողներ:

Հյուսիսային Կորեայի իշխանությունները այս շաբաթվա սկզբին հաղորդել էին «ավելի թեթև, փոքրածավալ միջուկային ռումբ» փորձարկելու մասին, որն ունի նախկինում փորձարկված միջուկային սարքերից պայթուցիկ ավելի մեծ ուժ:

Երեքշաբթի օրը տարածված հաղորդագրության համաձայն, փորձարկումն իրականացվել էր՝ «ի պատասխան Միացյալ Նահանգների անմիտ թշնամանքի»:

Միջուկային փորձարկման մասին հաղորդագրությունից հետո Հարավային Կորեայի զինված ուժերը մարտական բարձր պատրաստվածության են բերվել:

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունն անմիջապես դատապարտել է փորձարկումը՝ «ապակայունացնող խորը հետևանքներ ունեցող» անվանելով այն: Բան Կի-մունի համաձայն, փորձարկումն իրականացվել է՝ «կատարելով միջազգային պատժամիջոցների հստակ և ծանր խախտում»:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «չափազանց սադրիչ» է անվանել Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված փորձարկումը՝ նշելով, որ այն վտանգ է ներկայացնում ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ միջազգային անվտանգության համար:

Նախագահ Օբաման իր ուղերձում միջազգային հանրությանը «արագ և արժանահավատ» գործողությունների դիմելու կոչ է արել:
XS
SM
MD
LG