Մատչելի հղումներ

«Սպասվում է, որ սենատոր Քերին կդառնա ԱՄՆ-ի հաջորդ արտգործնախարարը»


Սենատոր Մենեդեսը նախագահել է ԱՄՆ-ի Սենատում Ջոն Քերիի արտգործնախարարի պաշտոնում հաստատելու լսումները

«ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր անցկացրել է երկրի արտգործնախարարի պաշտոնում Մասաչուսեթս նահանգի դեմոկրատ, սենատոր Ջոն Քերիի նշանակումը քննարկելուն նվիրված լսումներ: Նյու Ջերսի նախագահի դեմոկրատ, սենատոր Ռոբերտ Մենենդեսի նախագահությամբ անցկացված լսումներն ավարտվել են, և սպասվում է, որ սենատոր Քերիի թեկնածությունն արագացված ընթացակարգով կհաստատվի ԱՄՆ-ի Սենատի կողմից: Ի լրումն, հայկական խնդիրներին վերաբերող հարցեր կներկայացվեն Կալիֆորնիա նահանգի սենատոր, դեմոկրատ Բարբարա Բոքսերի և այլոց կողմից: Այս հարցերին սենատոր Քերիին պետք է ներկայացնի պաշտոնական պատասխաններ»:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ամերիկայի հայկական համագումարը, որի գործադիր տնօրեն Բրայան Արդունին նշել է, որ սենատոր Քերին հայկական հարցերի վաղեմի աջակից է և մարդու ու փոքրամասնությունների իրավունքների ոլորտում Ամերիկայի հիմնարար արժեքների անսասան ջատագով:

«Միացյալ Նահանգների Սենատում 29 տարվա իր ծառայության ընթացքում սենատոր Քերին կարողացել է խորությամբ ուսումնասիրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առջև կանգնած խնդիրները: Ակնկալում ենք, որ արտգործնախարարի պաշտոնում նա հավատարիմ կմնա անցյալում ցուցաբերած իր սկզբունքներին», - ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Արդունին:

Հանդես գալով ԱՄՆ-ի Սենատում հինգշաբթի օրն անցկացված լսումների ընթացքում՝ սենատոր Քերին, որը վայելում է երկու կուսակցությունների բազմաթիվ անդամների աջակցությունը, շեշտել է, որ Միացյալ Նահանգների դիվանագիտության թիվ մեկ առաջնահերթությունը երկրի բյուջետային ճգնաժամը լուծելու խնդիրն է:

«Դժվար է ակնարկել մի շարք պետությունների ղեկավարներին ԱՄՀ-ի հետ աշխատելու, բյուջեի հավասարակշռությունը պահպանելու և տնտեսական կարգուկանոն ստեղծելու անհրաժեշտության մասին, երբ ինքներս չենք կատարում այն», - ասել է սենատոր Քերին:

Լսումների ընթացքում նա ասել է նաև, որ Միացյալ Նահանգները պետք է լուծում տա հրատապ մարտահրավերներին, ներառյալ ահաբեկչությունն ու Իրանի միջուկային ծրագրով ներկայացվող վտանգը: Քերիի համաձայն, Իրանի հավաստիացումներն այն մասին, որ նրա միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, շատ հեշտ կարելի է ստուգել՝ տեսուչների այցերի միջոցով:

Անդրադառնալով Սիրիայի խնդրին, ԱՄՆ-ի արտգործնախարարի պաշտոնի թեկնածուն նշել է, որ Սիրիայի կառավարության արագ տապալումը վտանգ է ներկայացնում այդ պետության հարևանների, ներառյալ Իսրայելի, համար:

Սենատոր Ջոն Քերին ասել է նաև, որ եկել է ժամանակն աշխարհում Միացյալ Նահանգների նոր դերակատարություն ունենալու համար՝ այնպիսի աշխարհում, «որտեղ երիտասարդներն ապստամբություն են բարձրացնում բազում տարիներ տևած անիրավությունների և ստորացման դեմ»:
XS
SM
MD
LG