Մատչելի հղումներ

Ջոն Քերրին Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել


«Ռուսատանի ժողովրդի հետ մենք մեծարում ենք ռուսական մշակույթի և գրականության բազմաթիվ հսկաներին, որոնք անչափ են հարստացրել մեր ժողովուրդները: Թող ռուսաստանցիների և ամերիկացիների ապագան լինի խաղաղ, կայուն և բարգավաճ»

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին հատուկ հաղորդագրության մեջ շնորհավորել է Ռուսաստանի ժողովրդին այս երկրում նշվող տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

«Այսօր, հունիսի 12-ին, ես շնորհավորում եմ Ռուսաստանի ժողովրդին ինքնիշխան Ռուսաստանի Դաշնության հռչակման տարեդարձի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ», - ասված է արտգործնախարար Քերրի շնորհավորական ուղերձում, որտեղ արտգործնախարարը բարձր է գնահատել ռուս գրականության, երաժշտության և արվեստի մեծ գործերը, «որոնք անտարբեր չեն թողնում աշխարհում բազմաթիվ մարդկանց»:

«Այս տարի մշակույթի ուժն ու մեզ փոփոխելու և ոգեշնչելու դրա կարողությունը հատկապես խորն է զգացվում, քանի որ մենք տոնում ենք ռուսական «ոսկե դարի» ամենամեծ պոետներից մեկի՝ Միխայիլ Լերմոնտովի ծննդյան 200-ամյակը», - նշում է արտգործնախարար Քերրին՝ հիշեցնելով, որ այս տարի նշվում է նաև հանրահայտ պոետ և թատերագիր Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 215-րդ և Աննա Ախմատովայի բանաստեղծությունների «Համրիչ» ժողովածուի հրապարակման 100-րդ տարեդարձը:

«Ռուսատանի ժողովրդի հետ մենք մեծարում ենք ռուսական մշակույթի և գրականության այս և բազմաթիվ այլ հսկաներին, որոնք անչափ են հարստացրել մեր ժողովուրդները: Թող ռուսաստանցիների և ամերիկացիների ապագան լինի խաղաղ, կայուն և բարգավաճ», - եզրափակել է շնորհավորական իր ուղերձը ԱՄՆ-ի արտգործնախարար Քերրին:

Ռուսաստանցիներին շնորհավորանքներ է հղել նաև ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին՝ իր տեղախալ Մարի Հարֆի միջոցով: Վերջինս մասնակցել է Ուկրաինայում իրադարձությունների կապակցությամբ «Թվիթեր-կոնֆերանսին»:

Մարի Հարֆը գրել է, որ Ջեն Փսաքին «ողջույն» է հղել ռուսաստանցիներին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի շուրջ Վաշինգտոնի դիրքորոշման մասին հայտնող Ջեն Փսաքին լայն քննարկման առարկա է դարձել համացանցի ռուսական հատվածում և Ռուսաստանի պաշտոնական լրատվամիջոցներում:
XS
SM
MD
LG