Մատչելի հղումներ

Ռուսաստանի ռմբակոծիչները մուտք են գործել ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության գոտի


Միացյալ Նահանգների զինված ուժերը վերջին հինգ տարվա ընթացքում գրանցել են ԱՄՆ-ի օդային նույնականացման գոտի նման ներխուժում կատարելու մոտ 50 դեպք

Ռուսաստանի հեռավոր գործողության ռմբակոծիչները մուտք են գործել ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության գոտի, սակայն դուրս էին եկել այդ գոտուց՝ մուտք չգործելով ԱՄՆ-ի օդային տարածք:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի խոսնակ, գնդապետ Ստիվեն Ուորենն ասել է, որ Ռուսաստանի չորս ռմբակոծիչ և վերալիցքավորման մի օդանավ այս շաբաթվա սկզբին հայտնվել էին ԱՄՆ-ի կործանիչների տեսադաշտում Ալյասկա նահանգի մոտակայքում:

Պենտագոնի խոսնակի համաձայն, ռմբակոծիչներից երկուսը դուրս էին եկել օդային նույնականացման գոտուց, իսկ երկուսը ուղևորվել էին հարավ՝ դեպի Կալիֆորնիա նահանգի հյուսիսային սահմաններ:

Օդային նույնականացման գոտին տարածվում է Միացյալ Նահանգների օդային տարածքից դուրս՝ տրամադրելու համար ԱՄՆ-ի իշխանություններին այս գոտի մուտք գործող օտարերկրյա օդանավերի նույնականացման համար անհրաժեշտ լրացուցիչ ժամանակ:

Գնդապետ Ուորենի համաձայն, Միացյալ Նահանգների զինված ուժերը վերջին հինգ տարվա ընթացքում գրանցել են ԱՄՆ-ի օդային նույնականացման գոտի նման ներխուժում կատարելու մոտ 50 դեպք:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Պենտագոնը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կործանիչ օդանավը մոտ 30 մետր հեռավորության վրա էր մոտեցել Ճապոնիայից դեպի հյուսիս թռիչք կատարած ԱՄՆ-ի հետախուզական օդանավի առջևի մասին:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության համաձայն, այս տարվա ապրիլի 23-ին տեղի ունեցած միջադեպի ընթացքում Ռուսաստանի օդուժի «Սու-27» կործանիչը մոտեցել էր Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերին պատկանող «Ար-Սի-135 Յու» օդանավին, որը կանոնավոր թռիչք էր կատարում Օխոտսկի ծովի միջազգային ջրերի վրայով:

Պենտագոնի խոսնակի համաձայն, Ռուսաստանի կործանիչի հետ որևէ ռադիոկապ չէր հաստատվել, սակայն ԱՄՆ-ի օդանավի մոտենալուն պես կործանիչը թեքվել էր՝ անցնելով ԱՄՆ-ի օդանավի վրայով:

«Չենք կարող ասել, թե ինչի մասին էր մտածում օդաչուն, սակայն ամերիկյան օդանավի անձնակազմի համար տեսանելի էր եղել այն, որ կործանիչը զինված էր», - ասել էր Պենտագոնի խոսնակ, գնդապետ Ուորենը:
XS
SM
MD
LG