Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարները սատարել են հոկեյի իրենց հավաքականները


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է ԱՄՆ-ի հոկեյի հավաքականը Սոչիի օլիմպիական խաղերի ընթացքում Ռուսաստանի հոկեյի հավաքականի նկատմամբ տարված հաղթանակի կապակցությամբ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է ԱՄՆ-ի հոկեյի հավաքականը Սոչիի օլիմպիական խաղերի ընթացքում Ռուսաստանի հոկեյի հավաքականի նկատմամբ տարված հաղթանակի կապակցությամբ:

«Շնորհավորու՛մ եմ Թի Ջեյ Օշին ու ԱՄՆ-ի տղամարդկանց հավաքականը մեծ հաղթանակի կապակցությամբ», - գրել է ԱՄՆ-ի նախագահ Օբաման «Թվիթեր»-ում՝ հավելելով. «Երբեք չդադարեք հավատալ հրաշքների»:

ԱՄՆ-ի տղամարդկանց հոկեյի հավաքականը Ռուսաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակ է տարել բուլիտներով: Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակի արդյունքներով հաշիվը եղել էր հավասար՝ 2:2: Բուլիտների ժամանակ սակայն ամերիկացիներն ավելի լավ արդյունք էին գրանցել՝ 4:3, ընդ որում բոլոր բուլիտներն իրականացրել էր ԱՄՆ-ի հավաքականի պաշտպան Թի Ջեյ Օշին, որը վեց հնարավորից չորս անգամ էր խոցել Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Սերգեյ Բոբրովսկիի դարպասը:

ԱՄՆ-ի հոկեյի հավաքականի հաղթանակի կապակցությամբ «Թվութեր»-ում շնորհավորական հաղորդագրություններ են ուղարկել նաև ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով նախագահ Օբամայի խորհրդական Սյուզան Ռայսն ու ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:

Ռուսաստանի ղեկավարները նույնպես սատարում էին իրենց հավաքականը: Սոչիի «Մեծ սառցապալատում» ԱՄՆ-ի և Ռուսաստանի հոկեյի օլիմպիական հավաքականների խաղի ժամանակ ներկա էին եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ու Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:

Չնայած Ռուսաստանի հոկեյի հավաքականի պարտության՝ նախագահ Պուտինը խաղից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հույս է հայտնել, որ եզրափակիչ խաղում Ռուսաստանի հավաքականը կխաղա Կանադայի իր մրցակիցների հետ:

«Սպորտը սպորտ է: Տեսնենք, ինչ կլինի. ինձ թվում է, որ մեր հավաքականը շատ արժանապատիվ խաղ է ցուցադրել», - ասել է Ռուսաստանի նախագահ Պուտինը՝ հավելելով, որ, իր կարծիքով, «Ռուսաստանի հոկեյի հավաքականի մակարդակը մի փոքր ավելի բարձր է»:
XS
SM
MD
LG