Մատչելի հղումներ

Ուկրաինան ու Ռուսաստանը համաձայնության չեկան բնական գազի սակագնի շուրջ


«Գազպրոմ»-ի խոսնակը երկուշաբթի վաղ առավոտյան հայտնել է, որ Ուկրաինան մինչև գալիք մի քանի ժամվա ընթացքում լրացվող վերջնաժամկետը պարտքը չմարելու դեպքում պարտավոր կլինի կանխավճարներ կատարել բնական գազի ցանկացած ապագա առաքման համար

Ռուսաստանի էներգետիկական հսկա «Գազպրոմ» ընկերությունը տեղեկացրել է, որ Ուկրաինայի հետ բնական գազի սակագնի շուրջ առկա վեճը կարգավորելու նպատակով վարվող բանակցություններն ավարտվել են, սակայն կողմերին չի հաջողվել գալ համաձայնության:

«Գազպրոմ»-ի համաձայն, ուժի մեջ է մնում մինչև հունիսի 16-ի Գրինվիչի ժամանակով առավոտյան ժամը 6-ը 1,95 միլիարդ դոլար ծավալով պարտքը մարելու մասին ներկայացված վերջնաժամկետը:

Ընկերության խոսնակ Սերգեյ Կուպրիյանովը երկուշաբթի վաղ առավոտյան հայտնել է, որ Ուկրաինան, բացի այդ, մինչև գալիք մի քանի ժամվա ընթացքում լրացվող վերջնաժամկետը պարտքը չմարելու դեպքում պարտավոր կլինի կանխավճարներ կատարել բնական գազի ցանկացած ապագա առաքման համար:

Ուկրաինան անցյալ շաբաթ մերժել էր Ռուսաստանի կողմից գազի գինը նվազեցնելու առաջարկը, որը կարող էր ավելի քան 20 տոկոսով նվազեցնել Ուկրաինա առաքվող բնական գազի սակագինը, և բացառել է գազի դիմաց պարտքը վճարելու հնարավորությունն այնքան ժամանակ, մինչև կողմերի միջև ձեռք չբերվի համաձայնություն գազի գնի շուրջ:

Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը երկրի նիստի ընթացքում ասել էր, որ հազար խորանարդ մետր բնական գազի դիմաց 100 դոլարի «զեղչը» Ուկրաինայի կողմից բնական գազի առաքման պայմանագրում փոփոխություններ կատարելուն համարժեք փոխարինում չէ:

«Ռուսաստանն առաջարկել է նվազեցնել գազի գինը 100 դոլարով՝ «զեղչ» անվանելով այն: Ցանկանում եմ պաշտոնապես նշել, որ մենք ծանոթ ենք Ռուսաստանի նման թակարդներին: Ռուսաստանի կառավարության կողմից սահմանված զեղչը կարող է չեղյալ հայտարարվել Ռուսաստանի կառավարության որոշմամբ», - ասել էր վարչապետ Յացենյուկը:

Երկու պետությունների միջև բնական գազի առաքման մասին 2009 թվականին կնքված պայմանագրով նախատեսված է, որ Ուկրաինան Ռուսաստանից պետք է գնի բնական գազի որոշակի ծավալ՝ անկախ դրա անհրաժեշտ լինելուց, իսկ հազար խորանարդ մետր բնական գազի դիմաց Ուկրաինայի կողմից վճարվող գինը կազմում է 485 դոլար, ինչը Եվրոպայում բնական գազի դիմաց վճարվող ամենաբարձր գինն է:

Ուկրաինայի վարչապետի համաձայն, Ռուսաստանը որպես «քաղաքական զենք» է օգտագործում բնական գազը:
XS
SM
MD
LG