Մատչելի հղումներ

Ռուսաստանը մոտ 1,4 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային՝ առաջին ատոմակայանը կառուցելու նպատակով


Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզն ուրբաթ օրը տեղեկացրել է նաև, որ Անկարան դիմել է Ռուսաստանին՝ ստորջրյա «Կապույտ հոսք» գազատարի տարողունակությունն ավելացնելու խնդրանքով

Ռուսաստանը 1,39 միլիարդ դոլար ծավալով գումար է տրամադրել Թուրքիային՝ Աքքույու բնակավայրի մոտակայքում այս երկրում առաջին ատոմակայանը կառուցելու նպատակով:

Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» միջուկային ընկերության Թուրքիայում գործող մասնաճյուղ «Աքքույու Էն-Ջի-Էս» ընկերության պաշտոնյաների համաձայն, շրջակա միջավայրի գնահատման մասին զեկույցը հաստատելուց հետո Թուրքիայում միջուկային առաջին կայանի շինարարության և ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված աշխատանքները զգալիորեն կարագացվեն:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ «Աքքույու Էն-Ջի-Էս» նախագծի ընդհանուր ծավալը կկազմի մոտ 20 միլիարդ դոլար, իսկ շինարարության ընթացքում կօգտագործվեն մոտ 3,5 միլիարդ դոլար արժողությամբ սարքավորումներ, որոնցից 1,8 միլիարդ դոլարը կծախսվի արդեն այս տարի:

Սպասվում է, որ Թուրքիայի առաջին ատոմակայանը շահագործման մեջ կհանձնվի 2023 թվականին:

Թուրքիան ակտիվ գործողություններ է ձեռնարկում, որոնց արդյունքում նախատեսում է նվազեցնել էներգակիրների և էլեկտրաէներգիայի ներմուծման դիմաց ամեն տարի մոտ 60 միլիարդ դոլար կազմող վճարների ծավալը:

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզն ուրբաթ օրը տեղեկացրել է նաև, որ Անկարան դիմել է Ռուսաստանին՝ ստորջրյա «Կապույտ հոսք» գազատարի տարողունակությունն ավելացնելու խնդրանքով:
XS
SM
MD
LG