Մատչելի հղումներ

Ռուսաստանն առանց Կիևի համաձայնության է մարդասիրական օգնություն տրամադրում Ուկրաինայի արևելյան շրջաններին


ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը տեղեկացրել է, որ Մոսկվային հաջողվում է մարդասիրական օգնություն առաքել այն տարածքներ, որտեղ գործում են ռուսաստանամետ անջատողականները

Ռուսաստանը տեղեկացրել է, որ առանց Կիևի համաձայնության մարդասիրական օգնություն է տրամադրում Ուկրաինայի արևելյան շրջաններին, և որ Ուկրաինայի և Ռուսատանի միջև սահմանը Ուկրաինայի արևելքում շարունակվող բռնություններից փրկվելու նպատակով անցել է ավելի քան 100 հազար մարդ:

Այն ընթացքում, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն ուսումնասիրում են առանց Դամասկոսի համաձայնության Սիրիա միջսահմանային մարդասիրական օգնության առաքում իրականացնելու բանաձևի նախագիծը, ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրինը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն «Մոսկվան արդեն իսկ հայթայթել է հարևան Ուկրաինա մարդասիրական օգնության առաքման միջոցներ և եղանակներ»:

«Կան մարդիկ, որոնք անցնում են սահմանը, ստանում են ռուսական մարդասիրական օգնությունն ու վերադառնում իրենց ընտանիքների մոտ», - ասել է Չուրկինն այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի մարդասիրական օգնության հարցերով համակարգող Վալերի Ամոսը, Ռուսաստանի պահանջով, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ դռնփակ հանդիպում է անցկացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Չուրկինի համաձայն, Ռուսաստանը փորձում էր աշխատել Ուկրաինայի իշխանությունների հետ մարդասիրական օգնության առաքման հարցով, սակայն վերջիններս մերժել էին Մոսկվայի առաջարկությունները:

«Այս պատճառով մենք հայթայթել ենք կարիքավորներին մարդասիրական օգնություն առաքելու ճանապարհներն ու եղանակները», - ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՄԱԿ-ն ու այլ պետությունները կարող են ձեռնարկել նույն միջոցները Սիրիա մարդասիրական օգնություն առաքելու նպատակով՝ Չուրկինն ասել է. «Մեր զարմանքն է առաջացնում այն հանգամանքը, որ այն մարդիկ, ովքեր, ըստ էության, կարող են ձեռնարկել նման քայլեր, շարունակում են հարցեր տալ՝ գործողություններ ձեռնարկելու փոխարեն»:
XS
SM
MD
LG