Մատչելի հղումներ

Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինայի գազամատակարարումը


«Գազպրոմ»-ը Ստոկհոլմի արբիտրաժային դատարան ներկայացրել է հայց, որը նպատակ է հետապնդում վերադարձնելու այն ամբողջ գումարը, որն Ուկրաինան պարտք է ընկերությանը

Ռուսատանի «Գազպրոմ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն այն դադարեցնում է Ուկրաինայի գազամատակարարումն այն բանից հետո, երբ Կիևին չի հաջողվել վճարել իր պարտքից մոտ 2 միլիոն կազմող գումարը մինչև երկուշաբթի օրը լրացած վերջնաժամկետը:

Էներգետիկական ոլորտում գործող Ռուսաստանի հսկա ընկերությունը տեղեկացրել է, որ վճարման վերջնաժամկետը խախտելուց հետո Ուկրաինան պետք է կանխավճար կատարի բնական գազի բոլոր առաքումների դիմաց:

«Գազպրոմ»-ը, բացի այդ, երկուշաբթի օրը Ստոկհոլմի արբիտրաժային դատարան ներկայացրել է հայց, որը նպատակ է հետապնդում վերադարձնելու այն ամբողջ գումարը, որն Ուկրաինան պարտք է ընկերությանը: Ուկրաինայի պարտքը «Գազպրոմ»-ին կազմում է 4,5 միլիարդ դոլար:

Ընկերությունը տեղեկացրել է նաև եվրոպական պետություններին, որ Ուկրաինայի տարածքով կատարվող բնական գազի առաքումների վրա ազդեցություն չի գործի Ուկրաինային բնական գազ չառաքելու մասին որոշումը՝ միաժամանակ զգուշացնելով, որ Ուկրաինայի կողմից բնական գազի պոմպահանման փորձերը կարող են խաթարել Եվրոպայի սպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ»-ի խոսնակի համաձայն, Ուկրաինայի պետական «Նաֆտոգազ» ընկերությունը պարտավոր է երաշխավորել, որ բնական գազը հասնի Եվրոպայի սպառողներին:
XS
SM
MD
LG