Ռուսաստանը հորդորել է Հյուսիսային Կորեային դադարեցնել հրթիռ գործարկելու ծրագրերը
Հյուսիսային Կորեայի հիմնական դաշնակից Չինաստանի իշխանությունները նույնպես նշել են, թե հրթիռի գործարկման ծրագրերը մտահոգության տեղիք են տալիս
Արմեն Հովհաննիսյան
03.12.2012
Ռուսաստանի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը տարածված հաղորդագրությունում հորդորել է Հյուսիսային Կորեային դադարեցնել այս ամսվա ընթացքում հրթիռ գործարկելու ծրագրերը:
Ռուսաստանն այսպիսով միացրել է Հյուսիսային Կորեայի մտադրությունների նկատմամբ մտահոգություն արտահայտող միջազգային հանրության ձայնին: Փխենյանը սակայն պնդում է, որ հրթիռը նախատեսված է գիտական արբանյակ ուղեծիր հանելու համար, սակայն շատերը մտահոգություն ունեն, որ գործարկումը բալիստիկ հրթիռի քողարկված փորձարկում կարող է լինել:
Հյուսիսային Կորեայի հիմնական դաշնակից ու բարեգործական նպատակներով ֆինանսական միջոցներ հատկացնող Չինաստանի իշխանությունները կիրակի օրը նույնպես նշել են, թե հրթիռի գործարկման ծրագրերը մտահոգության տեղիք են տալիս:
Ճապոնիայի իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն Չինաստանի մայրաքաղաք Պեկինում Հյուսիսային Կորեայի պաշտոնյաների հետ չորեքշաբթի օրը կայանալիք բանակցությունները հրթիռի գործարկման մասին լուրերի կապակցությամբ կհետաձգվեն երկու օրով:
Ճապոնիայի պաշտպանության նախարար Սաթոշի Մորիմոտոն շաբաթ օրն արձակել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռ գործարկելու դեպքում հնարավոր վթարի և հրթիռը Ճապոնիայի տարածք անցնելու հնարավորության դեպքում ռազմական պաշտպանության անհրաժեշտ նախապատրաստություններ կատարելու հրաման: Նման նախապատրաստություններ ձեռնարկվում են այն պատճառով, որ այս տարվա ապրիլին Հյուսիսային Կորեան իրականացրել է նման փորձարկում, որն այնուհետև ձախողվել է:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները շաբաթ օրը հայտնել են, որ հրթիռի գործարկումը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 10-ից 22-ն ընկած ժամանակահատվածում: