Հինգշաբթի, 18 Դեկտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 12:32

Հայաստան

«Անհավանական թեկնածուն ցնցել է Հայաստանի իշխանության կայունացած համակարգը»

Ամերիկյան «Foreign Policy» պարբերականում անդրադարձ է կատարվել Հայաստանում այս տարվա փետրվարի 18-ին անցկացված նախագահական ընտրություններին

x
Արմեն Հովհաննիսյան
Ամերիկյան «Foreign Policy» պարբերականում անդրադարձ է կատարվել Հայաստանում այս տարվա փետրվարի 18-ին անցկացված նախագահական ընտրություններին, մասնավորապես՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի անձին և քաղաքական գործունեությանը ինչպես նախագահական ընտրություններից առաջ, այնպես էր հետընտրական շրջանում:
 
Հոդվածի հեղինակի, «Armenian Reporter» պարբերականի խմբագիր Էմիլ Սանամյանը գրում է, որ 2013 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում 53-ամյա Հովհաննիսյանը չափից դուրս «օտարեկրացի է»՝ հայաստանցի ընտրողների աջակցություն վայելելու համար, նա ավելի շատ ձայն հավաքեց, քան անկախ Հայաստանի պատմության մեջ որևէ այլ ընդդիմադիր թեկնածու: Այս հանգամանքը, ըստ հեղինակի, Հայաստանի քաղաքական կյանքում իրական ցնցում է առաջացրել:
 
Ըստ հեղինակի, Հայաստանում ընտրություններն անցկացվում էին մի սցենարով, որը շատ բնորոշ է հետխորհրդային երկրի համար:
 
«Գործող նախագահն օգտագործում է վարչական ռեսուրսները վերընտրվելու համար, Արևմուտքի դիտորդները զգուշորեն գովասանքի խոսքեր են ուղղում՝ ընտրություններում առաջընթաց արձանագրելու համար, բայց նշում են, որ կան թերություններ, որոնց ուղղությամբ պետք է ապագայում աշխատել: Իսկ ընդդիմությունն իր աջակիցների հետ բողոքի արշավ է սկսում ընտրությունների արդյունքների դեմ», - գրում է հեղինակը՝ հիշեցնելով, որ Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում գործող նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես ստացել է մոտ 59 տոկոս ձայն, իսկ նրա գլխավոր մրցակիցը՝ 37 տոկոս:
 
«Հայաստանը, սակայն, մյուս երկրներից տարբերում է նախագահի թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը  կամ պարզապես Րաֆֆին, ինչպես որ նա հայտնի է Հայաստանի գրեթե ամեն անկյունում: ԱՄՆ-ում ծնված, Ջորջթաունի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտը ցնցել է իր հայրենիքի քաղաքական դաշտը: Չնայած լայն տարածված սպասումների, որ նա չափից դուրս «օտարեկրացի է» Հայաստանում ընտրությունների ընթացքում ընտրողների աջակցություն վայելելու համար, 53-ամյա Հովհաննիսյանն ավելի շատ ձայներ հավաքեց, քան երկրի անկախ պատմության մեջ որևէ այլ թեկնածու: Նրա հաջողությունը Հայաստանը նոր քաղաքական իրարանցման մեջ գցեց: Տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են բողոքի ակցիաներ անցկացնել Հայաստանի ներսում, ինչպես նաև հայկական սփյուռքում», - գրում է հեղինակը:
 
Հեղինակը հիշեցնում է, որ չնայած հայերը մեծապես վիճարկում են ընտրությունների արդյունքները, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Եվրամիության, Ռուսաստանի, նույնիսկ Թուրքիայի ղեկավարները շնորհավորեցին Սերժ Սարգսյանին՝ վկայակոչելով միջազգային դիտորդների դրական արձագանքները:
 
«Նրանք կարող են ասել այն, ինչ ուզում են», — պատասխանել է Հովհաննիսյանը, - «Ես ասում եմ նրանց՝ «Ես ձեզ բոլորիդ հարգում եմ, բայց դուք էլ մի համարձակվեք խախտել մեր քաղաքացիների իրավունքները: Ես դա թույլ չեմ տա: Եվ թող ոչ ոք ինձ ամերիկյան, արևմտյան կամ ռուսական ժողովրդավարության դասեր չտա, քանի որ Հայաստանի քաղաքացիներն են մեր երկրի տերը»:
 
«Ժողովրդական այս պայքարը չի մարելու, մենք հասնելու ենք հաղթանակին», — բազմիցս խոստացել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
 
«Չնայած, որ Հայաստանի ժողովրդի գրեթե կեսը կողմ է իշխանափոխության, այդուհանդերձ,  դեռևս հստակ չէ, թե ինչպես է հնարավոր հասնել նման հաղթանակի», - գրում է հոդվածի հեղինակը:
 
 «Հայկական կուսակցությունները, որպես կանոն, կենտրոնացված են ավելի շատ անձերի, քան գաղափարախոսությունների վրա, չնայած «Ժառանգություն» կուսակցությունը խոստացել է բարձրացնել հարուստների նկատմամբ կիրառվող հարկադրույքները և հակակոռուպցիոն նախաձեռնություններ իրականացնել», - նշում է հեղինակը՝ հավելելով. «Բացի հաստատակամ հայրենասերների մի փոքր խմբի, Հայաստանի բնակիչների մեծ մասը մշտապես Հովհաննիսյանին վերաբերվել են կասկածանքով կամ անվստահությամբ: 1990-ականների ճգնաժամից ի վեր մոտ մեկ միլիոն հայ լքել է երկիրը, և հայրենիքում մնացածներից շատերի համար անհասկանալի էր հայրենիք Հովհաննիսյանի վերադառնալու հանգամանքը: Ինչու՞ մարդ պետք է թողներ Ամերիկայում բարեկեցիկ կյանքը և գար ավերված Հայաստանում ապրելու: Անկախությունից ի վեր նման քայլի դիմել է միայն մի քանի հարյուր ամերիկահայ»:
 
Հեղինակը հիշեցնում է, որ Հովհաննիսյանը գիտակցում էր, թե որքան է ինքը տարբերվում Հայաստանում իր մրցակիցներից, և «հայաստանյան քաղաքական գործչի ավելի շատ նմանվելու նպատակով» վերջին չորս տարվա ընթացքում նույնիսկ փոփոխություններ է կատարել իր ֆիզիկական տեսքում՝ կորցնելով մոտ 20 կիլոգրամ քաշ և ազատվելով իր բեղերից:
 
«Նախընտրական քարոզարշավի ժամանակ սակայն Հովհաննիսյանը կոտրեց տեղական քաղաքականության մեջ ընդունված բոլոր կանոնները, որոնք կիրառվում են և՛ իշխանությունների, և՛ ընդդիմության կողմից՝ նախօրոք ընտրված մասնակիցներ ունեցող ծրագրավորված միջոցառումներ, որտեղ հարձակումներ ու սպառնալիքներ են կատարվում մրցակիցների հասցեին: Նա իր ելույթներում խուսափում էր անձնական վիրավորանքներից՝   հիմնականում կենտրոնանալով պետական համակարգում առկա կաշառակերության վրա»:
 
«Հովհաննիսյանի ուղերձը համընդհանուր էր», - գրում է հեղինակը, — «այն է՝ «Եկեք հետ վերցնենք մեր երկիրը կառավարության կոռումպացված պաշտոնյաներից»:
 
Ըստ հեղինակի, ընտրարշավի ընթացքում Հովհաննիսյանը բացատրում էր, որ պայքար է վարվում Հայաստանի շարքային քաղաքացիների և նրանց թեկնածուի և իշխանությունների միջև:
 
«Հայաստանը մեկն է, և մենք պետք է որոշենք, թե ինչպիսին է այն լինելու՝ ազատ և բաց Հայաստան, թե ստվերային Հայաստան, արդյոք այն պատկանելու է շարքային քաղաքացիներին, թե այն քծնելու է իշխանությունների առջև», - հեղինակի փոխանցմամբ՝ ասել է Հովհաննիսյանը:
 
Սանամյանի համաձայն, ընտրարշավի ընթացքում Հովհաննիսյանը, հագին՝ իր «այցեքարտը» դարձած ջինսե տաբատն ու բարձր օձիքով սվիտերը, երթևեկում էր ավտոբուսներով և մետրոյով, այցելել էր երկրի գրեթե բոլոր քաղաքներն ու բազմաթիվ գյուղեր,  քարոզարշավի ժամանակ մեկ անգամ օգնեց մարդկանց վերանորոգել տուն, ավտոմեքենա, մազերը կտրեց փոքր մի վարսավիրանոցում և ճաշեց ճանապարհին գտնվող խորտկարանում:
 
Ընտրողների կարծիքի հարցումների համաձայն՝ Հայաստանի բնակչության 7 տոկոսը նախընտրական քարոզարշավի ժամանակ զրուցել էր Րաֆֆի Հովհաննիսյանի կամ նրա ներկայացուցիչների հետ, լսել երկրում ունեցվածքի վերաբաշխման և թափանցիկ կառավարման նրանց ուղերձը:
 
«Սա մեծ նվաճում է», - նշում է հոդվածի հեղինակը, - «հաշվի առնելով նրա սուղ բյուջեն»:
 
«Այդ սիրո և ուշադրության դրսևորումը հավանաբար հենց այն էր, ինչի կարիք ունեին շատ հայեր, որոնք, «Գելափ»-ի հարցումների համաձայն, աշխարհում սիրուց ամենաշատ զրկված մարդիկ են: Պաշտոնական տվյալների համաձայն, Հովհաննիսյանի օգտին քվեարկեց կես միլիոնից ավելի մարդ: Իշխանամետ քաղաքական մեքենան փլուզվեց: Հովհաննիսյանը Հայաստանի ամենամեծ երկրորդ քաղաքում հավաքեց ձայների ավելի քան 40 տոկոսը, նա հաղթեց նաև երկրի 3-րդ, 4-րդ,6-րդ և 7-րդ ամենամեծ քաղաքներում», - հիշեցնում է հեղինակը՝ նշելով սակայն, որ Հայաստանում, այնուամենայնիվ, երբեք նորմալ ընտրություններ չեն անցկացվել:
 
«Անկախության ավելի քան 20 տարիների ընթացքում ընտրողներին այդպես էլ չի հաջողվել հաղթել գործող նախագահներին և նրանց կողմից նշանակված իրավահաջորդներին: Գործող նախագահները միշտ հաղթել են, իսկ ընտրական գործընթացների նկատմամբ վախն ու ցինիզմը գնալով ամրապնդվում է», - ասում է Սանամյանը՝ հիշեցնելով, որ ընտրություններում պարտություն կրած որևէ թեկնածու երբեք չի ընդունել իր պարտությունը, նույնիսկ 1991 թվականին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթանակ տարավ ավելի քան 70 տոկոս ձայնով, իսկ 1996, 2003 և 2008 թվականներին անցկացված ընտրությունները նշանավորվել են ընդդիմության ցույցերով և կառավարության կողմից իրականացված բռնություններով:
 
«Իշխող համակարգի նկատմամբ հասարակական անվստահությունը և մեծ թվով ընտրախախտումները ստվեր են գցում ընտրական գործընթացների վրա և  առաջացնում մի շարք հարցեր քվեարկության արդյունքների առնչությամբ: Ընդդիմադիրներն իրականում չեն կարողանում ապացուցել, որ իրենք հաղթել են, բայց գործող նախագահներն էլ չեն կարողանում աժանահավատորեն պնդել հակառակը: Իսկ ինչ վերաբերում է օտարերկրացի դիտորդներին, ապա թվում է, որ նրանք անաչառ չեն և հանդես են գալիս այս կամ այն կողմի օգտին», - գրում է հեղինակը: - «Վերջին ընտրությունները թվում է՝ ընթացան նույն սխեմայով: Հովհաննիսյանի հազարավոր ընտրողներ ամեն օր ցույց են անցկացնում՝ պնդելով, որ ընտրությունները կեղծվել են և որ իրենց թեկնածուն օրինական հաղթողն է:»
 
Հովհաննիսյանի ելույթները, ըստ հեղինակի, լի են ընդհանուր արտահայտություններով ու հակասություններով: «Ծրագրերի մասին խոսելու փոխարեն նա հարցնում է բողոքի ակցիայի մասնակիցներին՝ «Ի՞նչ եք ցանկանում անել: Մեկ ժամ ավելի՞ մնալ»: Նա ասում է, որ կանգնել-սպասելու է մինչև «հեռացող» նախագահ Սարգսյանը գա և «ճանաչի ժողովրդի հաղթանակը»: Հաջորդ օրը նա սակայն գնում է նախագահի նստավայր և փակ դռների հետևում հանդիպում նրա հետ»:
 
«Շատերը Հովհաննիսյանին համարում են չափից դուրս իմպուլսիվ և փոփոխական», - հոդվածում մեջ է բերվում Լոս Անջելեսից գործող «Groong» հայկական նորությունների ցանցի հիմնադիր և Հայաստանի քաղաքականությանն արդեն երկար ժամանակ ուշադիր հետևող Ասպետ Պետրոսյանի խոսքը: - «Թվում է, որ նա չի կարողանում մի քանի քայլ առաջ հաշվարկներ անել»:
 
«Այս բոլոր թերություններով հանդերձ՝ շատերի համար Հովհաննիսյանն այսօր երկրի ամենամեծ հույսն է դեպի փոփոխություններ՝ եթե ոչ նախագահի պաշտոնում, ապա որպես իշխող կոալիցիայի անդամ: Կառավարության մի քանի գործիչներ, ներառյալ խորհրդարանի ազդեցիկ խոսնակը, ասել են, որ Հովհաննիսյանի հետ կոալիցիան հնարավոր է այն դեպքում, եթե նա ճանաչի պաշտոնական արդյունքները», - գրում է հեղինակը:
 
«Հովհաննիսյանն ու Սարգսյանը հանդիպեցին և իրար ձեռք սեղմեցին. սա առաջին նման դեպքն էր Հայաստանի հետընտրական քաղաքական կյանքում: Սարգսյանի և Հովհաննիսյանի միջև այս համեստ հաղորդակցումը երաշխիք է, որ այս անգամ երկրում բռնության դեպքեր չեն գրանցվի: Ոստիկանությունը սովորականից շատ ավելի համբերատար է վերաբերվում ցուցարարներին: Այժմ Հովհաննիսյանը որոշել է ավելի զանգվածային բողոքի ակցիաներ անցկացնել և դիմել Սահմանադրական դատարան՝ փորձելով ամբողջական կամ մասամբ անվավեր ճանաչել քվեարկության արդյունքները [«Ժառանգություն» կուսակցությունը դիմել է Հայաստանի սահմանադրական դատարան մարտի 4-ին]:, միաժամանակ, նա չի հերքել Սարգսյանի հետ կոալիցիա ձևավորելու հնարավորությունը:  Հովհաննիսյանն արդեն իսկ մտել է Հայաստանի ընտրությունների պատմության մեջ՝ իր աննախադեպ քարոզարշավով: Հետագա մի քանի շաբաթներն ու ամիսները ցույց կտան, կկարողանա արդյոք ամերիկահայ թեկնածուն ընտրողների շրջանում ունեցած իր հեղինակությունը վերածել առավելությունների նույն այդ ընտրողների համար», - եզրափակում է հոդվածի հեղինակ Էմիլ Սանամյանը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Իրավիճակը Մերձավոր Արեւելքումi
|| 0:00:00
...  
🔇
X
17.12.2014