Մատչելի հղումներ

Կյանքից հեռացավ «դիսկո» ոճի թագուհի Դոննա Սամերը


ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում 63-րդ տարում կյանքին ցեռացել է որպես «Դիսկոյի թագուհի» հայտնի երաժշտության առասպել Դոննա Սամերը:

Երգչուհու մերձավորների համաձայն, նա արդեն բավականին երկար պայքարում էր քաղցկեղի դեմ, սակայն չէր ցանկանում տարածել իր հիվանդության մասին լուրերը:

Սամերն աստղի կարգավիճակ է ստացել 1970-ական թվականներին «Bad Girls»՝ «Վատ աղջիկներ» և «Last Dance»՝ «Վերջին պար» հիթ դարձած կատարումների շնորհիվ, որոնք նպաստել էին դիսկոյի ժամանակաշրջանի ձևավորման:

Դոննա Սամերը՝ ծնյալ Դոննա Գեյնս, ծնվել էր Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում 1948 թվականի դեկտեմբերի 31-ին հավատացյալների ընտանիքում: Վաղ հասակում երգարվեստին ծանոթացել է՝ երգելով եկեղեցու երգչախմբում:

1960-ական թվականների վերջում բնակություն է հաստատել Եվրոպայում, որտեղ մասնակցել է «Hair»՝ «Վարսեր» մյուզիքլի գերմանական տարբերակի բեմադրմանը և նույնիսկ սովորել վարժ խոսել գերմաներեն:

Սամերը հետագայում վերադարձել է Միացյալ Նահանգներ՝ ձեռք բերելով ճանաչվածություն, որի գագաթնակետը եղել է 1979 թվականին հրատարակված «Bad Girls»՝ «Վատ աղջիկներ» ալբոմը:

Երգչուհին հետագայում՝ 1980-ականներին նույնպես կատարել է մեծ ժողովրդականություն վայելող երգեր, որոնց թվում է «She Works Hard for the Money» ՝ «Նա քրտինքով է վաստակում իր ապրուստը» հիթը:

Դոննա Սամերն իր ամուսին՝ երգիչ, երգահան Բրյուս Սուդանոյի հետ ամուսնացել էր 1980 թվականին: Նրանք ունեին երկու երեխա:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Դոննա Սամերի մահվան կապակցությամբ ասել է, թե իրեն ու առաջին տիկին Միշել Օբամային շատ է տխրեցրել երգչուհու մահվան մասին լուրը և «անմոռանալ ձայն ունեցող լեգենդ» է անվանել Սամերին:

XS
SM
MD
LG