Մատչելի հղումներ

Ռուսաստանամետ զինյալները հաստատել են Ուկրաինայում ամերիկացի լրագրողի ձերբակալությունը


Զինյալների ներկայացուցիչների համաձայն, Սայմոն Օստրովսկին «վնասարար գործունեությամբ էր զբաղվում»

Ուկրաինայի արևելյան շրջաններում գործող ռուսաստանամետ զինյալները չորեքշաբթի օրն ընդունել են, որ նախօրեին կորած ամերիկացի լրագրողը գտնվում է իրենց մոտ:

«Վայս Նյուզ» ամերիկյան լրատվամիջոցի լրագրող Սայմոն Օստրովսկին մի քանի շաբաթվա ընթացքում լուսաբանում էր Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը՝ տեղեկացնելով այն մասին, թե ինչպես դիմակավոր զինյալները գրավում էին վարչական շենքերը Ուկրաինայի արևելյան շրջանների քաղաքներում:

Սլավյանսկ քաղաքում զինյալների խոսնակ Ստելլա Խորոշևան չորեքշաբթի օրը հաստատել է, որ Օստրովսկին գտնվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության տեղական մասնաճյուղի շենքում, որը զինյալները գրավել էին ավելի քան մեկ շաբաթ առաջ:

«Նա մեզ մոտ է: Նրա հետ ամեն ինչ կարգին է», - տեղեկացրել է Խորոշևան «Ասոշիեյթիդ Փրես» գործակալությանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչն էր դարձել Օստորովսկիի ձերբակալության պատճառը՝ Սլավյանսկում գործող ռուսաստանամետ զինյալների խոսնակ Խորոշևան ասել է, թե նրան կասկածում են «վնասարար գործունեության իրականացման մեջ», սակայն հրաժարվել է որևէ մանրամասներ ներկայացնելուց:

Ստելլա Խորոշևայի համաձայն, Օստրովսկին կմնա ազատազրկման մեջ, և զինյալներն իր նկատմամբ հետաքննություն են մեկնարկել:
XS
SM
MD
LG