Մատչելի հղումներ

Ուկրաինայի նախագահը սատարել է զորքերի օգտագործման իրավունքը հետ կանչելու մասին Պուտինի որոշումը


Պետրո Պորոշենկոն Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի կարգավորման ուղղությամբ «առաջին գործնական քայլ» է անվանել Ռուսաստանի նախագահի Դաշնությունների խորհրդին ներկայացված դիմումը

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երկրում շարունակվող ճգնաժամի կարգավորման ուղղությամբ «առաջին գործնական քայլ» է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից զորքերի օգտագործման իրավունքը հետ կանչելու մասին Դաշնությունների խորհրդին ներկայացված դիմումը:

«Ուկրաինայի նախագահը Դոնբասում իրավիճակի կարգավորմանն ուղղված ծրագիրը Ռուսաստանի նախագահի կողմից պաշտոնապես սատարելուց հետո գործնական առաջին քայլ է համարում Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության զորքերի կիրառման մասին 2014 թվականի մարտի 1-ի ընդունված որոշման գործողությունը դադարեցնելու մասին Վլադիմիր Պուտինի կողմից Դաշնության խորհրդին ներկայացված որոշումը», - ասված է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրն ավելի վաղ դիմել էր Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատին՝ Ուկրաինայում ռուսալեզու բնակչության պաշտպանության համար այս երկիր ներխուժման նպատակով Ռուսաստանի զինված ուժերի օգտագործման իրեն տված իրավունքը հետ կանչելու խնդրանքով:

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախագահ Պուտինն այս քայլին է դիմել «Ուկրաինայի արևելյան շրջաններում իրավիճակի բարելավման և կարգավորման նպատակով, ինչպես նաև այս հարցի շուրջ եռակողմ բանակցությունները մեկնարկելու կապակցությամբ»:

Ռուսաստանի Դաշնությունների խորհրդի ներկայացուցիչների համաձայն, նախագահ Պուտինի դիմումը քննարկվելու է այս չորեքշաբթի:

Արժեթղթերի շուկան անմիջապես արձագանքել է Պուտինի կողմից Ուկրաինա ներխուժում կատարելու իրավունքի հետկանչի դիմում ներկայացնելու մասին լուրերին: Մոսկվային ֆոնդային բորսայում վաճառվող ռուսաստանյան ընկերությունների արժեթղթերի «RTS» ցուցիչը երեքշաբթի օրը գրանցել է ավելի քան մեկ տոկոսի աճ:
XS
SM
MD
LG