Մատչելի հղումներ

Սիրիայում թունավոր գազի կիրառմամբ հարձակում է իրականացվել


Կապիտոլյան բլուրում այս շաբաթ ավելի վաղ անցկացվել էր ԱՄՆ-ի կոնգրեսականների մամուլի ասուլիս, որի մասնակիցները դատապարտել են Սիրիայում հայկական պատմական Քեսաբ քաղաքի բնակիչների վտարումը

Սիրիայի կառավարական ուժերը, ապստամբներն ու իրավապահ կազմակերպությունները տեղեկացրել են երկրի կենտրոնական մասում գտնվող գյուղերից մեկում թունավոր գազի կիրառմամբ հարձակման պատճառով տուժածների մասին:

«Սիրիայի ազգային դաշինք»-ը և «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը շաբաթ օրն ասել են, թե կառավարական ուժերի կողմից երկրի կենտրոնական մասում գտնվող Քֆար Զեյթա գյուղի ուղղությամբ նախօրեին իրականացված օդային հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել մեկ տասնյակից ավելի մարդ:

Սիրիայի պետական հեռուստատեսությամբ հեռարձակված հաղորդագրության մեջ սակայն Քֆար Զեյթա գյուղի ուղղությամբ քլորային գազի կիրառման համար մեղադրվում է «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումը:

Քֆար Զեյթա գյուղի ուղղությամբ քիմիական զենքի կիրառմամբ հարձակում իրականացնելու մասին Սիրիայում հակամարտող կողմերի հայտարարությունները դեռևս չեն հաստատվել անկախ մարմինների կողմից:

ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ Կապիտոլյան բլուրում այս շաբաթ ավելի վաղ անցկացվել էր ԱՄՆ-ի կոնգրեսականների մամուլի ասուլիս, որի մասնակիցները դատապարտել են Սիրիայում հայկական պատմական Քեսաբ քաղաքի բնակիչների վտարումը:

Կապիտոլյան բլուրում նախօրեին անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում կոնգրեսական Շիֆի հետ միասին մասնակցություն էին ունեցել ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունը, կոնգրեսականներ Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Աննա Էշուն և Բրեդ Շերմանը:

«Սիրիայում պատերազմի սկզբի ժամանակից ես մշտապես մտահոգություն եմ արտահայտել Սիրիայի ծագումով հայ և քրիստոնյա այլ բնակչությանը սպառնացող վտանգների կապակցությամբ», - նշել էր կոնգրեսական Շիֆը: - «Այս մասին ես անմիջապես խոսել եմ նախագահ Բարաք Օբամայի հետ, և անցյալ շաբաթ այս խնդրի շուրջ հարցեր էի ներկայացրել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանին, հորդորել եմ նաև Կոնգրեսի արտաքին հատկացումների հանձնաժողովին հատկացնել ժամանակ, ուշադրություն և ռեսուրսներ՝ Սիրիայի քրիստոնյա համայնքին օժանդակություն տրամադրելու համար»:

«Քեսաբի բնակիչների մեծ մասը 1915 թվականին իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներ են: Ցեղասպանության սկզբից գրեթե հարյուր տարի անց նրանց այս կերպ թիրախավորումը հատկապես մեծ ցավ է պատճառում», - ասել էր կոնգրեսական Շիֆը:

Կոնգրեսական Բրեդ Շեմանն ասուլիսի ժամանակ ուղիղ կոչ էր արել հետաքննելու Քեսաբում հարձակումների իրականացման մեջ Թուրքիայի ունեցած դերը:

«Գործընկերներիցս մի քանիսի հետ միասին ես հորդորում եմ հետախուզության գծով հանձնաժողովին և ԱՄՆ-ի արտգործնախարարությանը տեղեկացնել, թե ինչպիսի դեր է ունեցել Թուրքիան Քեսաբ քաղաքում էթնիկ զտումներ իրականացրած՝ «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող ահաբեկիչներին ապաստան տրամադրելու մեջ: Հորդորում եմ նաև ԱՄՆ-ի արտգործնախարարությանը ձեռնարկել ավելի հեռու գնացող քայլեր, քան այս զարհուրելի իրավիճակի ճանաչումը, և տրամադրել մեզ պարզ նկարագրություն այն բանի, թե ինչպես «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող խմբերը կարողացել են մուտք գործել Թուրքիայից Սիրիա՝ իրականացնելով էթնիկ զտումներ», - պահանջել է կոնգրեսական Շերմանը:
XS
SM
MD
LG