Մատչելի հղումներ

Պենտագոնը նախապատրաստվում է զանգվածային կրճատումների


«Կրճատումների իրականացման դեպքում զգալիորեն կնվազի մեր մարտական պատրաստականությունը»

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ձեռնարկում է միջոցներ՝ նախապատրաստվելու համար ԱՄՆ-ի Սպիտակ տան և Կոնգրեսի միջև երկրի բյուջեի շուրջ գործարքի համար նախատեսված վերջնագծին:

ԱՄՆ-ի Սպիտակ տան և Կոնգրեսի միջև համաձայնության գալու համար վերջնժամկետը լրանում է այս տարվա մարտի 1-ին: Իշխանության այս երկու մարմինները պետք է համաձայնության գան դաշնային ամբողջ բյուջեում խորը կրճատումներից՝ «սեկվեստրացիայից» խուսափելու համար:

Դժվարին ժամանակների վրա հասնելու մասին վկայում է այն հանգամանքը, որ Պենտագոնն այս ամիս որոշում է կայացրել «Հարի Տրումեն» ավիակիրը Պարսից ծոց չուղարկելու մասին:

Զանգվածային կրճատումների համար ընտրվել է բավականին անհաջող ժամանակ, քանի որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում իրականացվում է բարձրագույն ղեկավարության փոփոխություն, և իր պաշտոնից շուտով հեռացող ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան որևէ կասկած չի թողնում այն մասին, որ պաշտպանության նոր նախարարը ստիպված կլինի «գլուխ հանել նախարարության բյուջեում տիրող կատարյալ խառնաշփոթությունից»:

«Կրճատումների իրականացման դեպքում պաշտպանության ոլորտի ծրագրերին սպառնում է լուրջ խաթարում, ինչը զգալիորեն կնվազեցնի մեր մարտական պատրաստականությունը: Մենք արդեն սկսել ենք մշակել այս սցենարի պայմաններում գործելու վերաբերյալ լայնածավալ ծրագիր, սակայն հասկանալի է նաև, որ որևէ լավ տարբերակ պարզապես գոյություն չունի», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության ներկայիս նախարարը:

«Մենք ստիպված կլինենք մինչև 22 օր տևողությամբ արձակուրդ ուղարկել պաշտպանության նախարարության առնվազն 800 հազար քաղաքացիական աշխատողի: Նրանց սպառնում է աշխատավարձի մինչև 20 տոկոս կրճատում: Չե՞ք կարծում, որ դա ազդեցություն կգործի մեր տնտեսության վրա», - մատնանշել է Պանետան:

Սեկվեստրացիայով նախատեսված կրճատումները կիրականացվեն ի լրումն արդեն իսկ հայտարարված 10-ամյա կրճատումների ծրագրի, որոնց ծավալը կկազմի մոտ 500 միլիարդ դոլար:

Պանետային ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինողի առջև կանգնած կլինի Մերձավոր Արևելքից մինչև Հյուսիսային Կորեա հետզհետե աճող վտանգների պայմաններում ավելի փոքրածավալ զինված ուժերը կառավարելու խնդիրը:

Կրճատումների դադարումը կախված է նրանից, թե որքան արագ կկարողանան համաձայնության գալ ԱՄՆ-ի Կոնգրեսն ու Սպիտակ տունը: Մինչ այդ անվտանգության ոլորտի վերլուծաբանները և Պենտագոնի ղեկավարությունը մտահոգված են, թե ինչ ծավալի վնասներ կարող են հասցնել կրճատումները Միացյալ Նահանգների պաշտպանական կարողություններին:
XS
SM
MD
LG