Մատչելի հղումներ

Փարիզում սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիրներից մեկը


Փարիզում քուրդ երեք կանանց սպանության վայրի մոտակայքում հավաքված քուրդ ակտիվիստներ, 2013թ. հունվարի 10
Փարիզում քուրդ երեք կանանց սպանության վայրի մոտակայքում հավաքված քուրդ ակտիվիստներ, 2013թ. հունվարի 10

Ֆրանսիայի ոստիկանության պաշտոնյաները հաղորդել են Փարիզի կենտրոնում գտնվող Քրդական ինստիտուտում քուրդ երեք կանանց դիակները հայտնաբերելու մասին

Ֆրանսիայի ոստիկանության պաշտոնյաները հինգշաբթի օրը հաղորդել են Փարիզի կենտրոնում գտնվող Քրդական ինստիտուտում քուրդ երեք կանանց դիակները հայտնաբերելու մասին:

«Նյու Յորք Թայմս» պարբերականի փոխանցմամբ, սպանվածներից մեկը եղել է Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիր Սաքինե Քանսիզը:

Սպանվածների թվում են նաև Փարիզում քրդական ինստիտուտի ղեկավար Ֆիդան Դոանը, ինչպես նաև քրդական երիտասարդ ակտիվիստ Լեյլա Սոյլեմեզը:

Սպանված կանանցից բոլորը Թուրքիայի անձնագրեր են ունեցել:

Փարիզում քրդստանի ինստիտուտի աշխատակիցներից մեկը, ըստ պարբերականի, ասել է, թե սպանությունները «քաղաքական դրդապատճառ» են ունեցել:

Ոստիկաններից մեկի խոսքով՝ սպանության հանգամանքները «կարող են բերել այն եզրակացության, որ դա եղել է մահապատժի իրականացում, սակայն այս ողբերգության ճշգրիտ բնույթը հնարավոր կլինի պարզել հետաքննության արդյունքում»:

Ֆրանսիայի ոստիկանության համաձայն, սպանության վայրում՝ ինստիտուտի սենյակներից մեկում դիակների կողքին հայտնաբերվել է երեք պարկուճ: Սպանության փաստով հետաքննություն է սկսվել:

Փարիզում տեղի ունեցած սպանությունից հետո ազգությամբ քուրդ հարյուրավոր անձինք հավաքվել են ինստիտուտի շենքի մոտ՝ վանկարկելով «Բոլորք Քրդստանի աշխատավորական կուսակցություն ենք» կարգախոսն ու մեղադրելով Թուրքիային, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի դրդմամբ, երեք կանանց սպանության իրականացման մեջ:

Քրդստանի աշխատավորական կուսակցությունն արդեն մոտ երեք տասնամյակ զինված պայքար է վարում Թուրքիայի իշխանությունների դեմ՝ պահանջելով ինքնավարության տրամադրում: Հակամարտության զոհ է գնացել մոտ 40 հազար մարդ: Թուրքիայի իշխանությունները վերջերս սակայն բանակցություններ են մեկնարկել բանտարկության մեջ գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ:
XS
SM
MD
LG