Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը հայտարարություն է տարածել


Փարիզում կայացել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների համատեղ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն այսօր Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ համատեղ անցկացրել են հանդիպում, որի արդյունքներով հայտարարություն են տարածել:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է.

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յան Քելին (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) 2013 թվականի հուվարի 28-ին համատեղ հանդիպում են անցկացրել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները շարունակել են արտգործնախարարների հետ քննարկումները խաղաղ բանակցային գործընթացն առաջ տանելուն միտված աշխատանքային առաջարկության շուրջ, որը կողմերին ներկայացվել էր 2012 թվականի նոյեմբերին: Նրանք, բացի այդ, մտքեր են փոխանակվել վստահության ամրապնդման հնարավոր միջոցների շուրջ:

Համանախագահներն անդրադարձել են 2011 թվականի ապրիլի 14-ի և 2012 թվականի հուլիսի 13-ի իրենց հայտարարություններին և նախարարների հետ քննարկել դեպի Լեռնային Ղարաբաղի օդանավակայան և այնտեղից քաղաքացիական թռիչքներ իրականացնելու վերաբերյալ հարցեր», - ասված է հայտարարությունում:

Արտգործնախարարներն ու համանախագահներն ընդգծել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափ լինելու կարևորությունը: Արտգործնախարարները վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորման իրենց աջակցությունն ու բանակցությունները շարունակելու հարցում իրենց վճռականությունը: Նախարարներն ու համանախագահները համաձայնել են խաղաղ գործընթացի հետագա քննարկումներ անցկացնել գալիք շաբաթների ընթացքում», - եզրափակում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:
XS
SM
MD
LG