Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին


«Հայաստանը լիովին կիսում է համանախագահների կարծիքն առ այն, որ Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը խանգարում են բանակցային գործընթացին, նվազեցնում են խաղաղության հասնելու հնարավորությունները»

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 5-ին ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:

«Նախարար Նալբանդյանը կարևորել է ադրբեջանական կողմի շարունակական սադրանքների կանխարգելման անհրաժեշտությունը և նշել, որ Հայաստանը լիովին կիսում է համանախագահների կարծիքն առ այն, որ Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը խանգարում են բանակցային գործընթացին, նվազեցնում են խաղաղության հասնելու հնարավորությունները», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Հայաստանի արտգործնախարարն այդ համատեքստում ընդգծել է, որ Հայաստանը համակարծիք է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ պետք է լիարժեք իրագործել 1994 թվականի մայիսին հաստատված զինադադարի և 1995 թվականի փետրվարին զինադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնությունները և կյանքի կոչել շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ նախաձեռնությունները:
XS
SM
MD
LG