Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարը Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Փարիզում 2014 թ. հունվարի 24-ին (արխիվային լուսանկար)
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Փարիզում 2014 թ. հունվարի 24-ին (արխիվային լուսանկար)

Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեցին նախորդ օրը Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ ունեցած հանդիպման բովանդակությունը և տպավորությունները

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 11-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հանդիպմանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:

«Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեցին նախորդ օրը Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ ունեցած հանդիպման բովանդակությունը և տպավորությունները», - ասված է Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջև Մոսկվայում կայացած հանդիպման մասին հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունն իր հերթին հաղորդել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովը մարտի 10-ին Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, որի ընթացքում «մտահոգություններ է արտահայտել հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության շուրջ»:

«Նախարար Էլմար Մամադյարովը, ներկայացնելով ադրբեջանական կողմի դիրքորոշումը, շարունակել է պնդել, որ հայաստանյան կողմի կառուցողական դիրքորոշման բացակայությունը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը, խաղաղ գործընթացի առաջխաղացմանն ու տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանը», - ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, «Թվիթեր»-ի իր էջում անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ անցկացված հանդիպմանը, գրել է, որ «հիմնարար խնդիրների և բանակցային կարգավորման շուրջ անցկացված բանակցություններն արդյունավետ են եղել»:
XS
SM
MD
LG