Մատչելի հղումներ

Հայաստանում կայացել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի և Հայաստանի նախագահի միջև հանդիպումը


ԵԱՀԿ-ի գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը հանդիպման ընթացքում նշել է, որ բարդ խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է երկխոսություն ծավալել հակամարտության բոլոր կողմերի հետ

Հայաստանի նախագահի նստավայրում չորեքշաբթի օրն անցկացվել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի բանակցությունները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հայաստանի նախագահը, ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում ասել է, որ այն առանձնահատուկ է հայաստանյան կողմի համար, քանի որ Հայաստան այցով ժամանած Շվեյցարիայի նախագահը ու միաժամանակ նաև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի խնդրով երկար տարիներ զբաղվող կառույցի գործող նախագահն է:

«Մենք մեծ հաճույքով և պատրաստակամությամբ այսօր կքննարկենք ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող մեր օրակարգը, այնպես էլ ԵԱՀԿ-ի շրջանակներում մեր համագործակցության տարբեր ասպեկտները: Իհարկե, ուրախ եմ, որ այսօր հանդիպելու եք նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, և սա շատ լավ հնարավորություն է Ձեզ համար՝ հանդիպելու հակամարտության բոլոր կողմերին և լսելու նրանց կարծիքները: Բարով եք եկել Հայաստան» - Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել ՝ նախագահ Սարգսյանը՝ Դիդիե Բուրկհալտերի հետ հանդիպման ըն ԵԱՀԿ գործող նախագահ թացքում:

ԵԱՀԿ-ի գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը հանդիպման ընթացքում իր հերթին նշել է, որ բարդ խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է երկխոսություն ծավալել հակամարտության բոլոր կողմերի հետ:

«Դա հենց այն է, ինչը կցանկանար Շվեյցարիան՝ քննարկելու և երկխոսելու, որպեսզի հակամարտությունների խնդիրներին լուծումներ գտնվեն: Շատ շնորհակալ եմ, որ պատրաստել եք երկու դրոշ, և դա հիշեցնում է մեզ, որ մենք ունենք երկու պատասխանատվություն այստեղ, և դա հիշեցնում է մեզ այն աշխատանքի մասին, որ կատարում ենք», - Հայաստանի նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Դիդիե Բուրկհալտերը:

Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի երկկողմ ձևաչափով բանակցություններին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի հանդիպումը մամուլի ներկայացուցիչների հետ, որտեղ նրանք ամփոփել են բանակցությունների արդյունքները:

Անդրադառնալով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հետ համագործակցության՝ Հայաստանի նախագահն իր խոսքում նշել է, որ բանակցությունների ընթացքում երկու կողմերը վերահաստատեցին համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը:

«Հայաստանը սատարելու է Շվեյցարիային ԵԱՀԿ-ում նախագահության բոլոր փուլերում: Մենք կարևորում ենք Շվեյցարիայի՝ միջազգային հարաբերություններում անկողմնակալ և ազնիվ միջնորդի հայտնի համբավը: Հավատացած ենք, որ Շվեյցարիայի նախագահությունը կանի առավելագույնը ԵԱՀԿ-ի օրակարգի առաջմղման համար՝ անկեղծ և արդյունավետ երկխոսություն խթանելու, ԵԱՀԿ-ի սկզբունքների պահպանմանը հետևելու և անդամ երկրների միջև արդյունավետ քաղաքական երկխոսությունը սատարելու միջոցով», - ասել է Սարգսյանը:

Հայաստանի նախագահն իր հայտարարության մեջ նշել է նաև, որ բանակցությունների ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:

«Վերահաստատեցի Հայաստանի ցանկությունն օր առաջ գտնելու այս բարդ խնդրի հանգուցալուծումը: Մենք համակարծիք ենք, որ ռազմական ուղիով խնդիրը չի կարող լուծվել, այլ միայն ավելի է բարդացնելու այս հարցը: Ուժի կիրառման սպառնալիքները և զինադադարի պարբերական խախտումները մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին: Երբ խոսվում է վստահության ամրապնդման միջոցառումների մասին, մենք հստակ նշում ենք, որ դրանց թվում առաջնահերթը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ պատշաճ հարգանքի դրսևորումն է: Ի վերջո, այս պայքարն ինքնորոշման հիմնարար իրավունքի համար մղվող ազգային-ազատագրական պայքար է, և չի կարող լինել լուծում, եթե լիարժեքորեն հաշվի չառնվի այս իրականությունը», - շեշտել է Հայաստանի նախագահը:

Նախագահ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ արդյունավետ լինելու համար բոլոր բանակցային ջանքերն ու գործընթացները պետք է հաշվի առնեն հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն ու կարծիքը:

«Մենք արձանագրեցինք, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահությունն այդ հակամարտության կարգավորման ամենաօպտիմալ ձևաչափն Է», - հայտարարության մեջ նշել է Հայաստանի նախագահը:

ԵԱՀԿ-ի գործող նախագահի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի նախագահը հիշեցրել է նաև, որ «Թուրքիայի կողմից չվավերացվելու պատճառով մինչ օրս առկախված են Շվեյցարիայի Համադաշնության միջնորդությամբ կնքված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները»:

«Բոլոր դեպքերում, մենք, իհարկե, շնորհակալ ենք Շվեյցարիային այդ բարդ գործընթացի մեջ դերակատարություն ունենալու համար: Համոզված եմ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը պետք է մնա միջազգային բոլոր կառույցների, այդ թվում` ԵԱՀԿ-ի ուշադրության կենտրոնում», - եզրափակել է իր հայտարարությունը Հայաստանի նախագահը:
XS
SM
MD
LG